Արցախում մեծամասնական տեղերում հաղթել են իշխանական ուժերը

NKR Parliamentary elections took place on 3th of MayԼեռնային Ղարաբաղի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է մայիսի 3-ին կայացած Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները:

Ըստ այդմ` 11 ընտրատարածքներից չորսում հաղթել է վարչապետ Արայիկ Հարությունյանի «Ազատ հայրենիք» կուսակցությունը, երեքում՝ ՀՅԴ-ն, երկուսում` Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, մեկ ընտրատեղամասում` «Շարժում 88» կուսակցության կողմից առաջադրված թեկնածուն, և մեկում` անկուսակցական ինքնաառաջադրված թեկնածուն:

Թիվ 5 ընտրատարածքում (Ասկերանի շրջան), որտեղ առաջադրվել և հաղթել է ընդդիմադիր համարվող «Շարժում 88» կուսակցության թեկնածու Վիտալի Բալասանյանը, իշխանական կուսակցությունները` «Ազատ հայրենիքը», Արցախի ժողովրդավարական կուսակցությունը և ՀՅԴ-ն, թեկնածու չէին առաջադրել: Խորհրդարանական նախորդ` 2010թ. կայացած ընտրություններից հետո այս երեք կուսակցությունները կազմել էին կոալիցիոն կառավարություն:

Մայիսի 4-ին` ավելի վաղ, հայտնի էին դարձել համամասնական ընտրակարգով ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները: Ըստ դրանց` «Ազատ հայրենիքը» ստացել է ընտրողների ձայների 47.5%-ը, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը՝ 19.1%-ը, ՀՅԴ-ն՝ 18.81%-ը, «Շարժում 88»-ը՝ 6.93%-ը, «Ազգային վերածնունդը»՝ 5.38%-ը:

Ընտրություններին մասնակցած մյուս երկու կուսակցությունները՝ ԼՂՀ կոմկուսը ու «Խաղաղություն և զարգացումը», 5% շեմը չեն հաղթահարել:

Ընտրություններին մասնակցությունը կազմել է 70.6 տոկոսը (72039 մարդ)։

Եվրախորհրդարանում Արցախի խմբի պատվիրակությունը հայտարարել է, որ ԼՂՀ-ում մայիսի 3-ի ընտրական գործըթնացը համապատասխանել է միջազգային չափանիշներին: Եվրոպացի պատգամավորները նշել են, որ «տպավորված է ԼՂՀ-ում անցկացված ընտրություններով», և դրանք «իսկապես ժողովրդավարական» են որակել:

Մեկնաբանել