Կինոցուցադրություններ տարբեր երկրներում՝ նվիրված 100-րդ տարելիցին

_MRZ3085«Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հասարակական կազմակերպությունը, Հայաստանի մշակույթի նախարարության և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հետ համատեղ տարբեր երկրներում կազմակերպում է թեմատիկ ֆիլմերի ցուցադրություններ՝ նվիրված 100-րդ տարելիցին: Ծրագիրը կրում է «Այլևս երբեք» խորագիրը և ներառում է հանդիպումներ, սեմինարներ և ֆիլմերի ցուցադրություններ, հաղորդում են «Ոսկե ծիրան»-ի մամուլի ծառայությունից:

Ընտրվել են Հայոց ցեղասպանության մասին պատմող վավերագրական և խաղարկային ֆիլմեր, որոնք նկարահանվել են տարբեր ժամանակահատվածներում: Ներկայացված էին 20-ից ավելի հայ և արտասահմանցի ռեժիսորների ֆիլմեր:

Հաշվի առնելով քաղաքական, մշակութային և գեղարվեստական առանձնահատկությունները` յուրաքանչյուր երկրի համար կազմվում է առանձին ծրագիր և ֆիլմացանկ:

«Այլևս երբեք…» կինոցուցադրությունների ծրագրի առաջին կիսամյակում միջոցառումներ են կազմակերպվել արդեն յոթ երկրում` Բելառուսում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Բուլղարիայում, Լիտվայում և Թուրքիայում: «Այլևս երբեք» ծրագիրը հնարավոր է դարձել ներկայացնել տարբեր միջազգային հեղինակավոր կինոփառատոների պաշտոնական ծրագրերում: Հայաստանից մեկնած պատվիրակության ներկայացուցիչները` պատմաբաններ, կինոքննադատներ, ռեժիսորներ ֆիլմերի ցուցադրությունից առաջ ներկայացրել են ծրագրի նպատակն ու առաքելությունը, ապա ֆիլմի ավարտից հետո պատասխանել հանդիսատեսի հարցերին:

«Այլևս երբեք» ծրագրի առաջին կիսամյակը կամփոփվի Մոսկվայի 37-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում, որը տեղի է ունենալու հունիսի 19-ից 26-ը և ներառելու է Հայոց ցեղասպանությանը նվիրված յոթ ֆիլմի ցուցադրություն: Ծրագրի երկրորդ փուլը կմեկնարկի «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի ավարտից հետո:

Մեկնաբանել