Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել Ռիգայի գագաթաժողովի հռչակագիրը

11689Ադրբեջանն օրվա ընթացքում հրաժարվում էր ստորագրել Արևելյան գործընկերության` Ռիգայում ընթացող գագաթաժողովի հռչակագիրը: Այս մասին, ինչպես հաղորդում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, Ռիգայում լրագողներին ասել է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը:

Պատասխանելով խնդրահարույց պահերի վերաբերյալ հարցին` նա ասել է. «Երևում է` խնդիրները կապված են Ադրբեջանի հետ: Համենայնդեպս` օրվա ընթացքում դա այդպես էր»: Շուլցը նաև նշել է, որ չգիտի` ընդունվել է արդյոք փաստաթուղթն արդեն, թե ոչ: «Ես չգիտեմ` ստորագրվա՞ծ է հռչակագիրն այս պահին, թե՞ ոչ»,- ասել է նա:

Մինչդեռ Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն, ՏԱՍՍ-ին տեղեկացրել է, որ փաստաթուղթն արդեն հավանության է արժանացել:

Ռիգայի գագաթաժողովին Ադրբեջանի այս քայլի մասին ավելի վաղ հաղորդել էր նաև Tert.am-ը` վկայակոչելով իր աղբյուրը: Լրատվականը նշել էր, որ վերջին պահին Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել համաձայնագիրը՝ դրանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն առնչվող ձևակերպումների պատճառով:

ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Թվիթերի իր էջում ևս անդրադարձել է միջադեպին: Տեղադրելով Tert.am-ի նյութի հղումը` նա գրել է. «Սա ևս կմնա որպես դիվանագիտական սառցաբեկորի չերևացող մաս»:

Մեկնաբանել