1915-ի ու 1914-ի միջև կապը՝ ըստ թուրք քաղաքագետի

11 Հայ տարագիրներ, 1915թ.

Թուրք քաղաքագետ Ալի Յուրթագյուլը Today’s Zaman օրաթերթում հրապարակել է հոդված՝ «1915-ի ու 1914-ի միջև կապը» վերնագրով: Նա գրում է, որ Առաջին աշխարհամարտին մասնակցությունը Թուրքիայի շահերից չէր բխում, և եթե չլիներ 1914-ի այդ որոշումը, չէր լինի նաև Հայոց ցեղասպանությունը: Հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև:

Ես չգիտեմ` արդյոք սա միայն մեր մշակույթին է հատուկ, բայց մենք, ընդհանուր առմամբ, չենք սիրում խորությամբ քննարկել մեր անցյալը՝ ելնելով մեր նախնիների արած լավ ու վատ արարքները բացահայտելու վախից:

Այս առումով, Առաջին համաշխարհային պատերազմը լավ օրինակ է, քանի որ ներկայացնում է մեր պատմության շրջադարձային պահերից մեկը:

Բազմաթիվ երկրներ, ներառյալ Ֆրանսիան, Գերմանիան ու Բելգիան, որոնք մեծապես տուժել են այս պատերազմի հետևանքով, շարունակաբար քննարկել են այդ ժամանակաշրջանն իր բոլոր առումներով, սակայն Թուրքիան նախընտրում է լռել դրա մասին: Անցյալ տարի` 2014-ին, մենք որևէ ուշագրավ իրադարձություն Թուրքիայում չտեսանք: Հայոց ցեղասպանությունը` մեր անցյալի մի մութ էջ, առաջ եկավ որպես օրակարգային հարց: Մենք քննարկեցինք ցեղասպանության հարցը ոչ թե այն պատճառով, որ ինքներս ցանկացանք, այլ քանի որ ստիպված էինք դա անել: Կառավարությունը որոշեց նշել Գալիպոլիի հաղթանակը ապրիլի 24-ին` փորձելով ստվեր գցել հայերի համար ողբերգական այդ օրվա վրա: Աշխարհի ու Թուրքիայի հայության համար սա իսկապես ցավալի է ու ոչ խոստումնալից:

Իրականում, դա վերաբերում է նաև թուրքերին: Իսկապես, սա ենթադրում է, որ մենք ի վիճակի չենք քննարկելու մեր պատմության ցավալի ու խորապես ստվերային էջերը: Այսպիսով, մենք չենք կարող կասկածի տակ դնել Թալեաթ և Էնվեր փաշաների տեղը մեր պատմության մեջ և նրանց ազդեցությունը մեր ներկայիս ժողովրդավարական մշակույթի վրա` ռազմական հեղաշրջումների առումով:

Մենք չգիտենք, թե ինչու Թուրքիան որոշեց մտնել Առաջին համաշխարհային պատերազմ, ով ազդեց այդ որոշման վրա, և որոնք եղան այդ որոշման հետևանքները: Եթե Գերմանական կայսրության պատերազմում մենք չլինեինք գործիք և խուսափեինք պատերազմից, Թուրքիայի ու Մերձավոր Արևելքի պատմությունը այլ կլիներ:

Եթե մենք չմասնակցեինք պատերազմին, մեր «հայկական հարցը» կարող էր շարունակել գոյություն ունենալ, ինչպես մեր ներկայիս «քրդական հարցը», բայց չէր լինի ցեղասպանություն: Եթե պատերազմի մաս չդառնայինք, Օսմանյան կայսրությունը միգուցե միևնույնն է, փլուզվեր, սակայն Մերձավոր Արևելքի քաղաքական աշխարհագրությունը այլ կերպ կգծվեր, և այն բազմաթիվ աղետների հիմքերը, որոնց առջև կանգնած ենք այսօր, այսպիսի խորը չէին լինի:

Մեր անցյալի ամենամութ էջերը վստահաբար կարելի է վերագրվել Թալեաթ ու Էնվեր փաշաներին: Քանի որ մենք ձախողել ենք այդ էջերի քննարկման հարցում, դեռ կան այդ փաշաների երկրպագուներ. մենք մեր քաղաքներում ունենք նրանց արձանները և նրանց անուններով ենք անվանակոչում մեր փողոցներն ու հրապարակները: Նրանք շարունակում են թունավորել մեր քաղաքական մթնոլորտը: Այն մակարդակը, որով այդ փաշաները գերմանական կայսրության գործիքներ էին հանդիսանում, պարզ ապացույց է, թե ինչու էինք մենք ներքաշված Առաջին համաշխարհային պատերազմում առաջին հերթին:

Գերմանական գեներալական անձնակազմը պատերազմ սկսեց` ծրագրելով գրավել Փարիզը մի քանի շաբաթվա ընթացքում: Սակայն շուտով պարզ դարձավ, որ այդ ծրագիրը իրատեսական չէր, և պատերազմը ավելի դժվար դուրս եկավ, քան նրանք ի սկզբանե պատկերացնում էին: Մինչև աշուն գերմանական զորքերը հազիվ թե որևէ առաջընթաց գրանցեցին: Դեպի արևելք ավստրիական զորքերը պարտություն էին կրել ռուսներից: Բեռլինը ձգտում էր ընդլայնել շփման գիծն ու սկսեց ճնշում գործադրել Օսմանյան կայսրության վրա՝ պատերազմին մասնակցելու:

Օսմանյան կայսրությունը լավ հարաբերությունների մեջ էր Գերմանիայի հետ, սակայն նրա բանակը արդեն հյուծվել էր Բալկանյան պատերազմներում և հազիվ թե պատրաստ լիներ ևս մեկ արկածախնդրության: 1914 թ. Օսմանյան կայսրության պետական բյուջեին ավելի սերտ հայացք նետելը բավական է տեսնելու, որ պաշտպանության ծախսերը նվազել էին զգալիորեն, հետևաբար կայսրությունը չէր նախապատրաստվում պատերազմի: Չնայած նրան, որ Էնվեր փաշան ու նրա կողմնակիցները Օսմանյան պետության վրա ճնշում էին գործադրում` ձգտելով ներքաշել պատերազմի մեջ, նրանց չէր հաջողվում առաջընթաց ունենալ:

Ինչպես մեծ վեզիր Սաիդ Հալիմ փաշան, այնպես էլ գրեթե բոլոր վեզիրները դեմ էին պատերազմի գաղափարին: Գերմանիայի դեսպան Հանս Ֆրեյեր ֆոն Վանգենհայմի 1914 թ. սեպտեմբերի 19-ին Բեռլին ուղարկված հուշագիրը բավական լավ է պատկերում կայսրությունում տիրող իրավիճակը: «Իր պատերազմական ծրագրերում Էնվեր փաշան ամեն օր ավելի մենակ է մնում: Կասկածներ կան Գերմանիայի` պատերազմում հաղթանակ տանելու վերաբերյալ: Միայն ռազմական հեղաշրջման շնորհիվ Էնվեր փաշան կկարողանա հաղթահարել խոչընդոտները, սակայն դրա հավանականությունն ավելի քիչ է, քան 10 օր առաջ էր: «Իհարկե, մենք քեզ հետ ենք, սակայն մի ակնկալիր մեզնից մի բան, որը հավասարազոր է ինքնասպանության» [Մեծ վեզիր] Իզեթ փաշան ասաց Լիմանին [Լիման ֆոն Սանդերս, Օսմանյան կայսրության հրամանատար Առաջին համաշխարհային պատերազմում]»:

Էնվեր փաշան իրականացնում է ռազմական հեղաշրջումը ոչ թե Ստամբուլում, այլ Սև ծովում: Նա հրաման է արձակում ռմբակոծել ռուսական նավերն ու նավահանգիստները: Նավը, որ իրականացնում է հրետանային ռմբակոծությունը, գերմանական է, անձնակազմը` Գերմանիայից, սակայն հրամանը Էնվեր փաշայից է: Էնվեր փաշայի որոշումը ապահովելով Օսմանյան կայսրությանը 6 մլն ոսկե մարկի «օգնություն» ուղարկելու խոստմամբ, գերմանացիները ձեռք են բերում Էնվերի կողմից գրավոր հրաման, որպեսզի թուրքերը չկարողանան պնդել, թե դժկամորեն են ներքաշվել պատերազմի մեջ:

Երբ Օդեսսայի և այլ նավահանգիստների ռմբակոծման լուրը հասնում է Ստամբուլ, մեծ վեզիր Սայիդ Հալեմ փաշան լաց է լինում` դրա հետևանքների մասին մտածելիս: Դրան հետևում է 1914-ը Սարիղամիշում, հայերի՝ քավության նոխազ դառնալը, պարտադրված տեղահանությունն ու 1915-ի ցեղասպանությունը: Դավադիր, հեղաշրջումամետ պետական մշակույթը միայն Էնվեր փաշային չէ հատուկ, քանի որ այն դեռ կենդանի է այսօր և շարունակում է արտադրել նոր քավության նոխազներ:

Մեկնաբանել