Բլատերը հեռանում է ՖԻՖԱ-ից

Մայիսի 31-ին Բլատերը վերընտրվել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում:

Հունիսի 2-ին Ֆուտբոլրի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Զեպ Բլատերը Ցյուրիխում կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է հրաժարական ներկայացնելու իր մտադրության մասին: Նա տեղեկացրել է, որ առաջիկայում կանցկացվեն ՖԻՖԱ-ի ղեկավարի նոր ընտրություններ:

Բլատերի խոսքով՝ ինքը չի առաջադրելու իր թեկնածությունը, սակայն մինչև այդ ընտրությունները կատարելու է ՖԻՖԱ-ի նախագահի պարտականությունները:

«Չնայած ՖԻՖԱ-ի անդամներն ինձ նոր մանդատ են տվել՝ վերընտրելով ինձ նախագահի պաշտոնում, սակայն, կարծես, այդ մանդատին բոլորը չեն աջակցում ֆուտբոլի աշխարհում: Հետևաբար, ես կգումարեմ արտակարգ կոնգրես և վայր կդնեմ իմ լիազորությունները»,- ասել է Բլատերը:

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) նախագահ Միշել Պլատինին ողջունել է Բլատերի հեռանալու որոշումը:

Դժվար, խիզախ, ճիշտ որոշում. Պլատինին՝ Բլատերի հեռանալու մասին: Դժվար, խիզախ, ճիշտ որոշում. Պլատինին՝ Բլատերի հեռանալու մասին:

«Դա դժվար որոշում էր, խիզախ որոշում էր և ճիշտ որոշում էր»,- ասել է Պլատինին:

Ջեպ Բլատերի հրաժարականը ողջունել է նաև անգլիական ֆուտբոլային ասոցիացիայի ղեկավար Գրեգ Դայքը՝ տեղի ունեցածն անվանելով «ինչ-որ նոր բանի սկիզբ»:

Կրեմլում ձեռնպահ են մնացել ՖԻՖԱ-ի նախագահի հրաժարականի լուրը մեկնաբանելուց՝ ասելով, թե «առայժմ մանրամասն տեղեկատվություն չկա»:

«Ես ոչինչ չեմ կարող ասել կամ պատասխանել Բլատերին վերաբերող որևէ հարցի, քանի որ դեռ նման տեղեկատվություն չունենք: Կարելի է խոսել, երբ հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել»,- ասել Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Բրազիլացի Զիկոն՝ ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի հնարավոր թեկնածու

Բրազիլացի հայտնի ֆուտբոլիստ Զիկոն մտադիր է պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար: Զիկոն նման որոշում է ընդունել Բլատերի հրաժարականի մասին լուրն ստանալուն պես:

Իր ֆեյսբուքյան էջում 62-ամյա Զիկոն, որը հնդկական Գոա ֆուտբոլային ակումբի մարզիչն է, գրել է, որ նման փորձից հրաժարվելու պատճառ չի տեսնում:

«Ինչո՞ւ ոչ: Իմ ամբողջ կյանքը կապված է ֆուտբոլի հետ, դա իմ կիրքն է: Ֆուտբոլին ես միշտ եմ վերաբերվել լուրջ և հարգանքով՝ և՛ Բրազիլիայում, և՛ այլ երկրներում, որտեղ եղել եմ»,- գրել է ֆուտբոլիստը:

ՖԻՖԱ-ի ստուգիչ հանձնաժողովի ղեկավար Դոմենիկո Սկալան հայտարարել է, որ ՖԻՖԱ-ի նոր նախագահի ընտրությունները կանցկացվեն մինչև հաջորդ տարվա մարտ ամիսը:

Բլատերը՝ հետաքննության կենտրոնում

Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդում են, որ ՖԻՖԱ-ի հեռացող նախագահի նկատմամբ կառույցում ծագած կոռուպցիոն սկանդալի շրջանակում քննություն է իրականացվում:

Այսպես՝ New York Times թերթն ու ABC News ալիքը, հղում անելով անանուն աղբյուրների, հաղորդել են, որ հետաքննության կենտրոնում Զեպ Բլատերն է: ABC News-ը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն և դատախազությունը Բլատերի նկատմամբ հետաքննություն են իրականացնում քրեական գործով, որի շրջանակում անցյալ շաբաթ կալանավորվել էին ՖԻՖԱ-ի ղեկավար անձնակազմի յոթ անդամներ:

ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունն ավելի վաղ հաղորդել էր, որ քննություն է իրականացվում ՖԻՖԱ-ի 14 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, որոնք մեղադրվում են կոռուպցիայի մեջ:

Ձախից աջ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին և ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլաթեր Պուտինը կարծում է, որ Բլատերին ճնշելով՝ ցանկանում են կանխել 2018թ. առաջնության անցկացումը Ռուսաստանում:

Կանխել 2018-ին Ռուսաստանում ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացումը

2018թ. և 2022թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնությունների կազմակերպիչների ընտրությունները կայացել են 2010թ. դեկտեմբերի 2-ին: Ռուսաստանն ընտրվել է որպես 2018թ. առաջնությունը հյուրընկալող երկիր: 2022թ. աշխարհի առաջնության հյուրընկալող երկիր էր դարձել Կատարը: Քվեարկությունից հետո պարբերաբար շրջանառվել են լուրեր այն մասին, որ վերոհիշյալ երկու երկրներն այդ իրավունքն ստացել են կոռուպցիայի միջոցով:

Մեկնաբանելով ՖԻՖԱ-ի շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ «Բլատերի վրա գործադրվող ճնշման նպատակն է կանխել 2018թ. Ռուսաստանում ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացումը»:

Զեպ Բլատերը ՖԻՖԱ-ի նախագահ է դարձել 1998թ.: Անցյալ շաբաթ կառույցի շուրջ ծագած աղմկահարույց սկանդալը մեծ վնաս է հասցրել Բլատերի հեղինակությանը, ինչը չի խանգարել նրան օրեր առաջ՝ մայիսի 31-ին, վերընտրվել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում: Այդուհանդերձ, վերջին օրերին կոռուպցիոն հետաքննության ֆոնին պաշտնյայի նկատմամբ ճնշումը մեծացել է, ինչն էլ պայմանավորել է նրա՝ հրաժարական ներկայացնելու որոշումը:

Մեկնաբանել