Սիրիայում հանդիպումները «վիտամին էին համայնքի համար»

g_image (1) Իվիցա Դաչիչ, Էդվարդ Նալբանդյան, Երևան, հունիսի 3, 2015թ.

«[Սիրիայում հայ] համայնքային կառույցների հետ հանդիպման ժամանակ կառույցներից մեկի ղեկավարն ասաց, որ այս հանդիպումն իրենց համար վիտամին է: Դա լավագույն ձևով է բնորոշում այն կարևորությունը, որ ուներ այս այցելությունը». այսպիսի հայտարարություն է արել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ հունիսի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսին:

Ասուլիսը տեղի է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի առաջին փոխվարչապետ և արտգործնախարար Իվիցա Դաչիչի հետ Երևանում նախարարի հանդիպումից հետո:

Նալբանդյանն անդրադարձել է մայիսի 27-ին Սիրիա կատարած իր այցին, որի ընթացքում հանդիպել էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադի, փոխվարչապետ և արտգործնախարար Ուալիդ Մուալլեմի հետ: Արտգործնախարարության տարածած մամուլի ասուլիսի սղագրության համաձայն՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ այցի նպատակն էր տեղում ծանոթանալ զարգացումներին:

«Սիրիայում ճգնաժամի առաջին օրվանից մեր ուշադրության կենտրոնում են սիրիահայության անվտանգության ապահովման հարցերը: Մենք ուշադիր հետևում ենք Սիրիայում զարգացումներին և փորձում ենք լուծումներ գտնել մեր սիրիահայ եղբայրների անվտանգության ապահովման տեսանկյունից:

Իմ այցելությունը նպատակ ուներ տեղում ծանոթանալու Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին: Մենք կարծում ենք, որ ճգնաժամը հնարավոր կլինի լուծել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմամբ, Սիրիայի բոլոր քաղաքական ուժերի միջև երկխոսությամբ, Սիրիայի փոքրամասնությունների, ներառյալ՝ քրիստոնյաների, ներառյալ՝ սիրիահայության իրավունքների պաշտպանությամբ, իհարկե, շատ կարևոր է՝ ահաբեկչության դեմ ընդհանուր դիրքորոշմամբ և պայքարով: Գիտեք, որ Հայաստանում հազարավոր սիրիահայեր են գտնվում, և Հայաստանի ղեկավարությունը, կառավարությունը արել և շարունակում են անել հնարավորը` աջակցելու մեր սիրիահայ եղբայրներին:

Շատ կարևոր էր այցելության ընթացքում հանդիպել Սիրիայի հայ համայնքային կառույցների ղեկավարների և ներկայացուցիչների հետ, իրենց հայտնել մեր համերաշխությունը, մեր աջակցությունը, նորից և նորից ասել, որ Հայաստանն իրենց թիկունքում է կանգնած։ Համայնքային կառույցների հետ հանդիպման ժամանակ կառույցներից մեկի ղեկավարն ասաց, որ այս հանդիպումն իրենց համար վիտամին է: Կարծում եմ` դա լավագույն ձևով է բնորոշում այն կարևորությունը, որ ուներ այս այցելությունը»,- ասել է Նալբանդյանը:

***

Սիրիայում 2011-ից շարունակվում է պատերազմը, որի հետևանքով զոհվել է ավելի քան 200 հազար մարդ, մոտ 3 միլիոն մարդ դարձել է փախստական: Սիրիահայերից շատերը ապաստան են գտել Լիբանանում և Հայաստանում: Այս տարվա փետրվարին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հայտարարել էր, որ Հայաստանում ավելի քան 12 հազ. սիրիահայ կա: Կառավարության մայիսի 21-ի նիստին Հրանուշ Հակոբյանն անդրադարձել էր սիրիահայերի խնդիրներին և նշել էր, որ իր ղեկավարած կառույցը գումարել է միջգերատեսչական հանձնաժողովի նիստ՝ հասկանալու, թե Հայաստանը ինչ կարող է անել և ինչպես աջակցել Սիրիայում ապրող հայերին:

Մեկնաբանել