ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավոր է ընտրվել նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը

Armen HarutyunyanԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հունիսի 23-ին ձայների բացարձակ մեծամասնությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանի դատավոր է ընտրել ՀՀ նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանին: Այս մասին տեղեկանում ենք ԵԽԽՎ կայքից:

Արմեն Հարությունյանը ՄԻԵԴ-ում դատավոր է ընտրվել ինը տարի ժամկետով: Նա իր լիազորությունների կատարմանը կանցնի ընտրվելուց ոչ ուշ, քան երեք ամիս անց, տեղեկացնում է ԵԽԽՎ-ն:

Եվրադատարանի դատավորի պաշտոնում Հայաստանից առաջադրված էին նաև «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ի դասախոս Արայիկ Ղազարյան և ՀՀ վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանը:

ՄԻԵԴ դատավորների ընտրության հանձնաժողովը հունիսի 9-10-ը Փարիզում կայացած նիստի ընթացքում Հայաստանի դատավորի պաշտոնում երաշխավորել էր Արմեն Հարությունյանին:

Շուրջ երեք տասնյակ փաստաբաններ, ինչպես նաև «Թրանսփարենսի ինթերնեշնել» հակակոռուպցիոն կենտրոնը հունիսի 20-ին հանդես էին եկել ԵԽԽՎ-ին ուղղված հայտարարությամբ՝ կոչ անելով մերժել Արմեն Հարությունյանի թեկնածությունը:

Ակնարկ

Մարտի 2-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության նոր մրցույթում հաղթող էին ճանաչվել նախկին օմբուսդմեն Արմեն Հարությունյանը, «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ի դասախոս Արայիկ Ղազարյանը և ՀՀ վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանը:

ՄԻԵԴ դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների նոր մրցույթ անցկացնելու անհրաժեշտություն էր առաջացել հունվարի սկզբին: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 12-ին ստորագրել էր հրամանագիր, որով ուժը կորցրած էր ճանաչվել «ՄԻԵԴ դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը հաստատելու մասին» նախագահի 2014թ. հոկտեմբերի 13-ի հրամանագիրը։

2014թ. հոկտեմբերին անցկացված մրցույթի արդյունքներով ամենաբարձր հանրագումարային միավորներ էին ստացել Արմեն Հարությունյանը, Արա Ղազարյանը և Վիգեն Քոչարյանը, սակայն սեռերի ներկայացվածության սկզբունքի ապահովման նպատակով մրցութային հանձնաժողովի որոշմամբ նրանցից առավել ցածր հանրագումարային միավոր ստացած Վիգեն Քոչարյանը փոխարինվել էր ամենաբարձր հանրագումարային միավոր ստացած իգական սեռի մասնակցով՝ Նելիկ Հարությունյանով։

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի խորհրդատվական խումբը կարծիք էր հայտնել, որ ՄԻԵԴ-ում դատավորի թափուր տեղի համար Հայաստանի կողմից ներկայացված թեկնածուներից մեկը (Նելիկ Հարությունյանը) ոչ ամբողջովին է համապատասխանում «ճանաչված իրազեկ իրավագետ» լինելու չափանիշին: Նկատի ունենալով վերոհիշյալը՝ արտգործնախարարությունը որոշել էր Հայաստանի կողմից ներպետական մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը ԵԽԽՎ չուղարկել:

ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի նոր ընտրության հարցազրույցի փուլը մեկնարկել էր փետրվարի 26-ին և ավարտվել փետրվարի 27-ին: Մրցույթին դիտորդական առաքելություն իրականացրած փաստաբանները մտահոգություն էին հայտնել առ այն, որ հանձնաժողովը չի ապահովել մրցույթի ամբողջական և պատշաճ թափանցիկություն։

Մեկնաբանել