Հայոց ցեղասպանության որբերի թանգարանը. տառապանքի, բայցև վերապրումի պատմություն

11749520_973209659376246_926865956_n«Այս թանգարանը մի ողջ ժողովրդի սպանության մասին հիշեցում է, բայց նաև հայ ժողովրդի վերապրումի ու վերածնունդի հիշեցում է»,- դիմելով ներկաներին (որոնց թվում` Արևելյան ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիների պատրիարքներ, հույն և ռուս ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչներ, Լիբանանի և Հայաստանի նախարարներ ու պատգամավորներ, աշխարհի բազմաթիվ երկրներից ժամանած հարյուրավոր հայեր ու լիբանանահայեր)՝ ասաց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա Վեհափառը:

Ավելի քան տասը տարի առաջ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի մոտ միտք հղացավ Լիբանանի ծովեզերյա Ջբեյլ քաղաքի «Թռչնոց բույն» որբանոցի շենքերից մեկը` ամենահինը, վերածել Հայոց ցեղասպանության որբերի թանգարանի: Այսօր` 2015-ի հուլիսի 18-ին, կատարվեց թանգարանի բացումը: Այդ միջոցառումը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի բազմաթիվ ձեռնարկների շարքում կունենա յուրահատուկ իմաստ ու նշանակություն և յուրահատուկ ուղերձ կլինի համաշխարհային հանրությանը:

«Սա սովորական թանգարան չէ այդ բառի ընդունված իմաստով: Այս թանգարանը հիշեցում է, որ սպանվել են մեկուկես միլիոն հայեր: Այս թանգարանը կենդանի հիշեցում է, որ Հայոց ցեղասպանության հազարավոր որբեր, հասել են այս հողը, այստեղ գուրգուրվել, կերակրվել ու կրթություն ստացել օտար` դանիացի, ամերիկացի, շվեյցարացի միսիոներների կողմից»,- ասաց Արամ Ա կաթողիկոսը:

««Թռչնոց բույնը» սպանվեց Արևմտյան Հայաստանում, հայերը «Թռչնոց բույն» կառուցեցին Լիբանանի հողում»,- շարունակեց Վեհափառը: Ապա, հայացքն ուղղելով բազմության առաջին շարքերին, կրոնական ու աշխարհիկ առաջնորդների, շեշտեց. «Ձեր նահատակները մեր նահատակներն են, իսկ մեր նահատակները` ձեր նահատակները»:

Իր հակիրճ, ազդու, բայց սուր ու համոզիչ ոճով Արամ Ա-ն երեք բառով բնորոշեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն ու համայն հայության հետագա քայլերը՝ հիշել, հիշեցնել և արդարություն պահանջել:

«Թռչնոց բույնի» տարածքում գտնվող որբանոցի շենքերից ամենահինը վերածվեց Հայոց ցեղասպանության որբերի թանգարանի: Այս աշխատանքի ֆինանսական մասը ստանձնել է Պէզիկեան ընտանիքը՝ Ալեքքո և Անի Պէզիկեան ամուսինները Շվեյցարիայից: Ալեքքոյի հայրը` Արամը, Հայոց ցեղասպանության հազարավոր այլ որբերի պես, իր մանկությունն անց կացրել է «Թռչնոց բույն»-ում: Թանգարանը կրում է հենց նրա անունը:

Այս որբանոցը տվել է համաշխարհային նշանակության հայերի, որոնց թվում է Լոնդոնում բնակվող կոմպոզիտոր Վարդան Մելքոնյանը: 2014թ. նա Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ ձայնագրեց «Հրաժեշտ Մարիային» սիմֆոնիկ ստեղծագործությունը, որի վրա կոմպոզիտորը աշխատել էր երկար տարիներ: Իր կյանքի առաջին քառորդ դարը մանկատներում ու Բեյրութի փողոցներում անցկացրած կոմպոզիտորի սիմֆոնիան նվիրվել էր հազարավոր հայ որբերի մորը՝ դանիացի միսիոներուհի Մարիա Յակոբսենին, սակայն իրականության մեջ դա իր և «Թռչնոց բույն»-ում վերապրած բազմաթիվ հայերի հավաքական կյանքի պատմությունն է:

Հայոց ցեղասպանությունից հետո այսօրվա Լիբանանը դարձավ փրկության ափ հազարավոր հայ որբերի համար: Դանիական, շվեյցարական, ամերիկյան և շվեդական մարդասիրական կազմակերպությունները հիմնեցին որբանոցներ ու օգնության կենտրոններ:

«Թռչնոց բույն»-ը ամենամեծ որբանոցներից էր, որը հիմնադրել էին դանիացի միսիոներները: Այնտեղ է հազարավոր հայ որբերի կերակրել, գուրգուրել ու մեծացրել «մամա»-ն` դանիուհի Մարիա Յակոբսենը, որի շիրիմը նաև ուխտավայր է Ջբեյլում և Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող վկայություններից մեկը:

Հայոց ցեղասպանության որբերի թանգարանի մուտքին Մարիա Յակոբսենի դամբարանն է: Դու կարող ես կանգնել դանիացի այս կնոջ գերեզմանի դիմաց, անդադար նայել նրա նկարին, բայց վերջիվերջո չհասկանալ ու չըմբռնել, թե ինչն է ստիպել այդ մարդուն թողնել իր երկիրը, տունը, ծնողներին ու օգնության շտապել հայ որբերին:

Թանգարանը ունի երեք բաժին` նվիրված Հայոց ցեղասպանությանը, որբերի կյանքին և հայ ժողովրդի վերածննդին:

Թանգարանում զետեղվել են նկարներ, տեղեկություններ և իրեր:

Սա աշխարհի այն թանգարաններից է, որի ներսը՝ պատերը, բառերով դժվար է նկարագրել:

Սա աննկարագրելի թանգարան է, ուրեմն՝ զգալու և 1915-ն ու հետագա տարիները մտովի անցնելու համար պետք է այցելել:

Սա այն թանգարանն է, որտեղից մարդ հեռանում է տարօրինակ զգացումով:11748721_973211076042771_1974723744_n

Սա Հայոց ցեղասպանության որբերի թանգարանն է:

Բացման ելույթում «Թռչնոց բույն»-ի խնամակալութեան ատենապետ Սեդա Խտըշեանը ասաց, որ այս թանգարանում ամփոփված է տառապանքի, բայց նաև վերապրումի ու վերածնունդի պատմությունը:

«Այս թանգարանը նաև հարցադրում է աշխարհին առ այն, որ Թուրքիան շարունակում է անպատիժ մնալ: Այս թանգարանը նաև պատասխանելու է հարցին, թե ինչպես հայերը վերապրեցին»,- ասաց Խտըշեանը:

Ելույթներ ունեցան նաև թանգարանի աշխատանքների ֆինանսավորումը ստանձնած Ալեքքո Պէզիկեանը, Հայաստանի Սփյուռքի նախարարը, Ջբեյլի քաղաքապետը, Լիբանանի մշակույթի նախարարն ու մարոնի (արաբ կաթոլիկների) պատրիարքը:

Թաթուլ Հակոբյան

Ջբեյլ, Լիբանան

Մեկնաբանել