ԱՄՆ-ը կօգնի սիրիահայերին

Լուսանկարում՝ Քեսապի տեղահանված հայերը Լատակիայի հայկական եկեղեցում, մարտ, 2014թ.: Լուսանկարում՝ Քեսապի տեղահանված հայերը Լատակիայի հայկական եկեղեցում, մարտ, 2014թ.:

Միացյալ Նահանգները կարևորում է Սիրիայի հայ համայնքի պաշտպանության խնդիրը և հավատարիմ է դրա իրականացմանը. Հայ դատի գրասենյակի հաղորդմամբ՝ այս մասին ԱՄՆ-ի հայկական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ Վաշինգտոնում կայացած հանդիպմանը հայտնել են Միացյալ Նահանգների պետքարտուղարության պաշտոնյաները: Հանդիպման մասնակից Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանն «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին պատմել է, որ հանդիպումը հնարավորություն տվեց ԱՄՆ-ի պաշտոնյաներին հասցնելու Միացյալ Նահանգների հայ համայնքի մտահոգությունները.

«Այդ լուրջ հանդիպումը մեզ հնարավորություն տվեց անկեղծ և բաց կարծիքներ փոխանակել և սիրիահայերի մարտահրավերների դեմն առնելու իրական լուծումներ մշակել»:

Հանդիպման մեկ այլ մասնակից, ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի ատենապետ, դոկտոր Վիգեն Հովսեփյանի խոսքով՝ գոյություն ունի լուրջ հակասություն ԱՄՆ-ի կողմից Սիրիայի փախստականներին տրամադրվող օգնության չափերի և սիրիահայերին այդ օգնության ընդամենը չնչին մասի բաժին հասնելու հետ կապված.

«Մենք կարողացանք խոսել և հրավիրել ներկայացուցիչների ուշադրությունը մեր սիրիահայ քույրերին և եղբայրներին անմիջական օժանդակություն հասցնելու կարևորության վրա, անկախ նրանից, թե որտեղ են նրանք ապրում»:

Հանդիպման մասնակիցների հավաստմամբ, Միացյալ Նահանգների դիվանագետները համայնքի ներկայացուցիչներին կոչ են արել պաշտոնապես ներկայացնել իրենց առաջարկները, որոնց միջոցով ԱՄՆ-ի կառավարությունն իր աջակցությունը կցուցաբերի սիրիահայ փախստականներին և Սիրիայի հայ համայնքին.

«Մենք ուշադրությունը հրավիրեցինք մի շարք լուրջ խնդիրների վրա, որոնք կապված են օգնությունը հասցեատիրոջը հասցնելու հետ, ինչի արդյունքում Հալեպի և Սիրիայի այլ վայրերի հայերին չի հասել ամերիկյան օգնությունը»: