Երբ քաղաքական մրցակցություն չկա, սահմանադրության փոփոխությունը կասկածելի է

hovhannes galstyanՀուլիսի 31-ին Վենետիկի հանձնաժողովը հրապարակեց Հայաստանի նոր սահմանադրության նախագծի վերաբերյալ իր նախնական գնահատականը: Վենետիկի հանձնաժողովի մասնագետները վերապահումներ ունեն նախագծի մի շարք դրույթների վերաբերյալ: Վենետիկի հանձնաժողովի գնահատականի շուրջ ՍիվիլՆեթը զրուցել է քաղաքագետ Հովհաննես Գալստյանի հետ: Զրույցից մի հատված խմբագրումներով ներկայացված է ստորև:

– Նոր սահմանադրության նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի գնահատականում նշվում է, որ եթե Ազգային ժողովի ընտրությունների առաջին փուլի արդյունքում խորհրդարանական կայուն մեծամասնություն չի ձևավորվում, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները: Այս դրույթի վերաբերյալ զեկույցում նշվում է, որ այս համակարգը երկարատև փորձի պտուղ է և պարտադիր չէ, որ այն երկիրը, որն անցնում է խորհրդարանական համակարգի և առաջին անգամ է գործադրելու, որդեգրի այս համակարգը: Ի՞նչ վտանգ է պարունակում այս դրույթը, և ինչո՞ւ է հանձնաժողովն առաջարկում հանել այն և սահմանել այն ընտրական օրենսգրքում:

– Սա իրականում ամենավիճահարույց կետերից մեկն է Սահմանադրության նախագծի: Իրականում աշխարհում շատ քչաթիվ Սահմանադրություններում և ընտրական օրենսգրքերում նման համակարգ կարելի է տեսնել: Ընդամենը երեք երկրում նման բոնուսային համակարգ կա` Հունաստանում, Սան Մարինոյում և հիմա Իտալիայում Իտալիկումն է գործելու՝ նոր Ընտրական օրենսգիրքը: Իրականում այս դրույթը տարբեր մեկանաբանությունների տեղիք է տալիս, նամանավանդ, որ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներն էլ տարբեր կերպ են մեկնաբանել այս դրույթը՝ ինչ է նշանակում կայուն մեծամասնություն: Կայուն մեծամասնությունը նշանակում է, երբ մեկ ուժը առաջին փուլում չի հավաքել 40 տոկոսը. եթե այդպես է, ապա այդ շեմը բավական ցածր է: Ստացվում է, որ համարյա փոքրամասնության քվեն հավաքած քաղաքական ուժը ստանում է բոնուս, պարգև: Այսինքն՝ ևս 14 տոկոս, եթե դատենք, որ դա իտալական մոդելով է լինելու` 54 տոկոս, այսինքն՝ կայուն մեծամասնություն: Այս պարագայում մեկ քաղաքական ուժը հստակ հնարավորություն է ստանում ուղղակի ձևավորել քաղաքական մենաշնորհ: Ես բազմիցս անդրադարձել եմ, որ երբ երկրում քաղաքական ուժերի մրցակցություն գոյություն չունի, այլ գերիշխում է մեկ կուսակցության ուժը, այդ դեպքում սահմանադրական փոփոխությունների արդյունավետությունը շատ ցածր է, եթե ոչ կասկածելի:

– Վենետիկի հանձնաժողովը, այնուամենայնիվ, առաջարկում է սա տեղափոխել Ընտրական օրենսգիրք, ոչ թե առհասարակ հանել: Ի՞նչ քաղաքական վտանգներ է պարունակում, եթե այն նույնիսկ լինի Ընտրական օրենսգրքում:

– Վենետիկի հանձնաժողովի զեկույցին անդրադառնանք արդեն: Վենետիկի հանձնաժողովը առհասարկ խորհրդակցական մարմին է, այնտեղ քաղաքական գնահատականներ չկան: Եվ այդ գնահատականները չունեն իրավական որևէ ուժ: Այսինքն` դրանք զուտ մասնագիտական կարծիքներ են: Այնտեղ ձևակերպումն այսպիսին է, որ ընտրական համակարգը շատ զգայուն սահմանադրական խնդիր է, և դրա շուրջ պիտի լինի լուրջ քաղաքական կոնսենսուս, նաև հասարակական կոնսենսուս` թե´ սահմանադրական մակարդակում, թե´ ընտրական համակարգում այն ամրագրելու:

Վտանգը հետևյալն է` երբ Սահմանադրության նախագիծը մտնի Ազգային ժողով, ապա նշանակվի հանրաքվեն, ստացվում է, որ այն ուժի մեջ է մտնելու 2017թ. խորհրդարանական ընտրությունների հենց հաջորդ օրը: Հարց է ծագում` ի՞նչ ընտրական օրենսգրքով են անցկացվելու խորհրդարանական ընտրությունները: Չգիտենք: Գործող Ընտրական օրենսգրքով անցկացնել չեն կարող: Մյուս պարագայում, ըստ նախագծի, Ընտրական օրենսգիրքը պիտի լինի օրգանական օրենք, սահմանադրական օրենք: Այսինքն` դա պիտի ընտրվի պատգամավորների ընդհանուր թվի 3/5-ով: Այս պարագայում գործող Սահմանադրությամբ Ընտրական օրենսգիրքը օրգանական համարվել չի կարող: Սա պարադոքս է: Եթե տեղափոխեն սա Ընտրական օրենսգիրք, ես չգիտեմ` դա ինչպես պիտի արտացոլվի այնտեղ: Ե՞րբ: Դա խնդիր է: Այդ հարցին ոչ ոք չի կարողանում դեռ պատասխանել:

– Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը «Ազատություն» ռադիոկայանին մեկնաբանություն էր տվել և ասել, որ իրենք չեն հրաժարվելու այս դրույթից և քննարկումների մեջ կմտնեն Վենետիկի հանձնաժողովի հետ: Ինչո՞ւ չեն կարող հրաժարվել այս դրույթից:

– Եթե սա մեկ քաղաքական ուժի նախաձեռնություն է, և չկա հստակ հանրային պահանջ, ու չկա նաև այս փոփոխությունը պայմանավորող քաղաքական ճգնաժամ, ապա կարելի է ասել, որ սա Սահմանադրության մեջ ամենաուղղակիորեն արտահայտված վերարտադրության գործիքն է: Հետևապես, փորձելու են ամեն գնով այս հոդվածը պահել նախագծում: Բոլոր այն մեխանիզմները, որոնք ըստ նախագծի` ապահովելու են այսպես ասած քաղաքական փոքրամասնությունների հանրավորությունները ապագա պառլամենտում, այս ընտրական համակարգի պարագայում ազդեցության ուժ ուղղակի չունեն: Օրինակ` վերցնենք կոնստրուկտիվ անվստահության քվեն: Այս ինստիտուտը հստակ գործում է այն բոլոր համակարգերում, որտեղ խորհրդարանում ձևավորվում է կոալիցիոն ուժ, ձևավորվում է հետևապես նաև կոալիցիոն կառավարություն: Սրանք կայուն կառավարություններ են, որովհետև, ըստ էության, եթե կա կոնստրուկտիվ անվտստահության ինստիտուտը, այդ դեպքում վարչապետին հենց այնպես անվստհություն հայտնել չես կարող` միաժամանակ մեկ այլ վարչապետի թեկնածու չներկայացնելով: Այս առումով այս ինստիտուտը օգնում է, որպեսզի այս կոալիցիան կայուն պահպանվի: Տրամաբանություն կա: Իսկ երբ այս համակարգով խորհրդարանում կայուն մեծամասնություն, այսինքն` բացարձակ մեծամասնություն ունենալու է ընդամենը մեկ ուժ, այս համակարգը լրիվ անհետանում է, այսինքն` ինքը այլևս էֆեկտիվություն չունի: Դրա մասին նաև Վենետիկի հանձնաժողովն է նշել` իհարկե հղում չանելով կոնկրետ ընտրական համակարգին, այլ հղում անելով նոր խմբակցություններ ձևավորելու արգելքին: Բոլոր այն երկրներում, որտեղ կա նշածս համակարգը, օրինակ՝ Հունաստանում և Իտալիայում, գործում է պարզ անվստահության քվեն:

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք ստորև.

Մեկնաբանել