Ղարաբաղը պատրաստ է ջուր տրամադրել Ադրբեջանին

Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պատրաստ են համագործակցել Ադրբեջանի հետ և տրամադրել ջուր. այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը` արձագանքելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին:

Ուորլիքը Instagram-ում տեղադրել է Սարսանգի ջրամբարի լուսանկարը և կատարել հետևյալ գրառումը.

«Գիտե՞ք, թե որտեղ եմ: Ես այս լուսանկարն արել եմ անցյալ տարի համանախագահների հետ միասին: Մենք պետք է երաշխավորենք, որ ջրամբարը շարունակի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը ապահովել անվտանգ և հուսալի էներգիա: Կարևոր է նաև, որ ամբարտակն անվտանգ լինի, և ստորին հոսանքում` Ադրբեջանում գտնվողները, ջուր ունենան, երբ դա անհրաժեշտ է: Ինչո՞ւ կողմերը չեն կարող համագործակցել, երբ դա բխում է նրանց փոխադարձ շահերից: Սա երկուստեք շահավետ է, և մենք պատրաստ ենք օգնել»:

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը նշեց, որ այն, ինչ գրում է Ուորլիքը, Լեռնային Ղարաբաղը բազմաթիվ անգամ առաջարկել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ինչպես նաև նույն Ադրբեջանին, սակայն միշտ մերժում է ստացել հենց Ադրբեջանից:

«Մենք պատրաստ ենք նաև ադրբեջանական կողմին տրամադրել ջուր, դրա մասին խոսում ենք դեռ 1998-99 թթ-ից»,- ասաց Բաբայանը` հավելելով, որ ներկա դրությամբ տնտեսական տեսնակյունից նման կարիք Լեռնային Ղարաբաղը չունի, և դա ուղղակի մարդասիրական մոտեցում կլինի` ուղղված նաև փոխվստահության մթնոլորտի ամրապնդմանը:

«Բայց հակառակ կողմը մերժում է: Ավելին` փորձում է շահարկել, ցույց տալ, որ իբրև Սարսանգի ջրամբարն անվտանգ չէ, ինչն այդպես չէ: Շահարկում են, սև փիարով են զբաղվում: Սա է խնդիրը: Մենք պատրաստ ենք փոխշահավետ համագործակցության, այսինքն` տրամադրենք ջուր, փոխարենը ինչ-որ այլ ապրանքներ վերցնենք, եթե հակառակ կողմը պատրաստ է նման համագործակցության: Եթե ոչ` ոչ: Խնդիրն իրենցն է»,- ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը:

***

Լեռնային Ղարաբաղում գտնվող Սարսանգի ջրամբարը կառուցվել է 1970-ականներին՝ ոռոգման և էներգետիկ նպատակներով: Ջրամբարի վրա կառուցված է Սարսանգի ՀԷԿ-ը։ Ներկայում «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ն էլեկտրաէներգետիկ խոշոր ծրագրեր է իրականացնում դեպի Սարսանգի ջրամբար հոսող գետերի և հենց ջրամբարի վրա և շահագործում է 6 ՀԷԿ՝ ընդհանուր 73 Մվտ հզորությամբ: «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի հիմնական ակտիվը Սարսանգի ՀԷԿ-ն է: Ընկերության հիմնական բաժնետերը Լեռնային Ղարաբաղի կառավարությունն է:

Մեկնաբանել