ՀՀԿ քաղաքական դպրոցի ուղենիշը

hhkՀՀԿ-ն հայտարարել է, որ քաղաքական դպրոց է հիմնում, որի նպատակներից է կուսակցությունը նոր կադրերով համալրելը։ Հաշվի առնելով ՀՀԿ-ի անցած ուղին, ինչպես նաև բազմաթիվ տարիների փորձը` փորձեցինք պատկերացնել այդ դպրոցի ուսուցիչներին, ինչպես նաև կարևոր առարկաների ցանկը։

Նախ կարծում ենք, որ դպրոցը պետք է ֆինանսավորվի բացառապես Սամվել Ալեքսանյանի պատրաստած կեղծ օղիներից ստացված եկամուտներով։

Դպրոցի ամենակարևոր առարկան պետք է դասավանդի Տիգրան Մուկուչյանը։ Վերջինս «Թվանկարչության ներածություն» առարկայի շնորհիվ պետք է մատաղ սերնդին ծանոթացնի ՀՀԿ-ի իշխանության գալու և մնալու ճանապարհը։ Հայ թվանկարչության կենդանի լեգենդը պետք է երիտասարդներին սովորեցնի, թե ինչպես հաշվեն, որ չկորցնեն իշխանությունը։

Սերժ Սարգսյանն իր հերթին սաներին պետք է սովորեցնի 100-ից 58 տոկոս խփելու, տոն փչացնողներից զերծ մնալու, թարս աճած խիյարից հեռու մնալու, մեկ գիշերում Մաքսային միությունում հայտնվելու, գաղջ մթնոլորտ ստեղծելու հմտություններ։

Բնականաբար, երիտասարդների հմուտ խոսքի և տրամաբանական մտածողության զարգացման հարցերով պետք է զբաղվի Գալուստ Սահակյանը։ Գալուստ Գրիգորիչի «Հրապարակային ելույթների պլանավորում և անցկացում» և «Տրամաբանական և քննադատական մտածողության ժամանակակից խնդիրները» առարկաները կօգնեն երիտասարդներին հղկել իրենց հրապարակային խոսքը, ինչպես նաև զերծ մնալ անտրամաբանական ելույթներից։ Դպրոցի սաների համար կարևոր կլինի նաև Հովիկ Աբրահամյանի «Ինչպես առանց խելքի քաղաքականությամբ զբաղվել» գործնական թրեյնինգը։

Դպրոցը անպայման պետք է ունենա կրթաթոշակներ հայտնի հանրապետականների անուններով։ Օրինակ` Մհեր Սեդրակյանի կրթաթոշակ կամ Մանվել Գրիգորյանի կրթաթոշակ։ Դրանք կօգնեն նաև աշակերտներին ձգտել նմանվել կրթաթոշակի հեղինակներին։

Առաքել Մովսիսյանը «Բռնաբարության տեսակները» առարկայի շրջանակներում կծանոթացնի քաղաքական խուլիգանություն անելու ձևերին, Մհեր Սեդրակյանը կսովորեցնի լրագրողների ծնոտը ջարդելու ձևերը։ Շուշան Պետրոսյանը կարող է դասավանդել աչք հանելու և սոցիալական ցանցերում ագրեսիվ լինելու հմտություններ: Կարեն Ավագյանն էլ կարող է աշակերտներին սովորեցնել փուչիկների հետ վարվելու կանոնները։

Կարևոր է, որ աշակերտները սովորեն նաև օֆշորային հաշիվներ բացելու ձևերը։ Այստեղ նրանց օգնության կհասնի հայտնի օֆշորագետ Տիգրան Սարգսյանը։ Նա նաև կարող է սովորեցնել` ինչպես սահմանել տնտեսական անկման համաշխարհային ռեկորդ։

Սրանք այն հիմնական ուսուցիչներն ու առարկաներն են, որոնք անհրաժեշտ են լինելու դպրոցում, որպեսզի ՀՀԿ-ն կայուն ու հավերժ լինի, իսկ ուրիշ առարկաների դեպքում աշակերտները կարող են այլ գիտելիք ձեռք բերել, ինչը կործանարար կլինի ՀՀԿ-ի համար։ Այդ իսկ պատճառով, մենք խորհուրդ ենք տալիս, որ վերը նշված մարդիկ և առարկաները պարտադիր լինեն:

Վարագույր