Կառավարությունն իր վրա է վերցնում արտերկրում զինծառայողի բուժման ծախսերը

12435_am_1Կառավարությունը ապրիլի 21-ի նիստին սահմանել է Հայաստանից դուրս զինծառայողի բուժման, կեցության և ճանապարհածախսի գումարի հատկացման կարգը և պայմանները:

Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, օրենքով նախատեսվել է ՀՀ տարածքում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում զինծառայողի բուժման (հետազոտության) անհնարինության դեպքում զինծառայողի բուժումն օտարերկրյա պետությունում իրականացնելու հնարավորություն` ՀՀ պետբյուջեի միջոցների հաշվին, որի կարգը և պայմանները սահմանում է ՀՀ կառավարությունը:

Որոշմամբ կանոնակարգվում են օտարերկրյա պետությունում զինծառայողին բուժման ուղարկելու գործընթացը, բուժման, ճանապարհածախսի և կեցության գումարի ձևավորման, հատկացման և դրա հետ վերադարձնելիության հետ կապված հարաբերությունները:

Անդրադառնալով հարցին՝ Հովիկ Աբրահամյանը նշել է. «Առաջարկվել էր, որ պաշտպանության նախարարությունն իր ֆինանսական միջոցների հաշվին իրականացներ այդ ծախսերը, բայց այս որոշմամբ կառավարությունը հանրապետությունից դուրս բուժման անհրաժեշտություն ունեցող բոլոր զինծառայողների բուժման ծախսերը վերցնում է իր վրա»: