Արցախում պատերազմ է, ընդդիմութունը պահանջում է Տեր-Պետրոսյանի հրաժարականը. 1992

Այսօր շատ է գրվում, որ երբ Հայրենիքին վտանգ է սպառնում Ադրբեջանի կողմից (իսկ ե՞րբ չի սպառնացել 1988-ի Սումգայիթի ոճրագործությունից ի վեր), անթույլատրելի է, անգամ՝ դավաճանություն պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը, ցույցեր ու երթեր կազմակերպել: Դա ասում են առաջին հերթին իշխող կոալիցիայի մաս կազմող ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն (ինչպես նաև՝ ՀԱԿ-ն ու այլ ուժեր), երբ նրանք և նրանց առաջնորդներն էին 1992-ին պահանջում Լևոն Տեր-Պետրոյանի հրաժարականը, փողոցներ դուրս բերում տասնյակ հազարավոր մարդկանց, երբ Արցախում և Հայաստանի սահմաններում մենք կորցնում էինք ոչ թե 800 հեկտար, այլ 8000 հեկտար և ավելի տարածքներ:

1992 թվականի հուլիս-օգոստոսի կեսերը Հայաստանի և Արցախի համար ամենից դժվար, օրհասական ժամանակներն էին: Հուլիսին ադրբեջանական բանակը ռուսական կողմի օժանդակությամբ գրոհով վերցրել էր Շահումյանը, Մարտակետի շրջանի մեծ մասը, իսկ օգոստոսի 8-ին՝ Հայաստանի Կրասնոսելսկի, այսօր Ճամբարակի շրջանի Արծվաշեն գյուղը: Այդ նույն ժամանակ իշխանական Հանրապետական կուսակցության այն ժամանակվա առաջնորդ Աշոտ Նավասարդյանը, ԱԻՄ-ից՝ Պարույր Հայրիկյանը, Ազգային ժողովրդավարական կուսակցությունից` Դավիթ Վարդանյանը, ՍԻՄ-ից Հրանտ Խաչատրյանը, ՀՅԴ-ից Հրայր Կարապետյանը պահանջում էին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա վարչակազմի հրաժարականը:

Ներկայացնում ենք 1992-ի օգոստոսյան դժնդակ օրերից մի դրվագ, որը վերցրել ենք ՀՅԴ ԵՐԿԻՐ օրաթերթի օգոստոսի 15-ի համարից: Հիշեցնենք նաև, որ հենց այդ օրն էր Վազգեն Սարգսյանը դիմում հայ ժողովրդին՝ կոչ անելով լարել ուժերը, ոտքի կանգնել, Հայաստանի շրջաններից հրավիրում էր անվեհեր տղաների, որոնք պետք է գնային Արցախ, որտեղ կյանքի և մահվան հավանականությունը 50/50 է: Հենց այդ օրն էր կազմակերպվում ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ զորագունդը:

Թաթուլ Հակոբյան

Երեկ երեկոյան դարձյալ փոթորկում էր Ազատության հրապարակը: «Ազգային դաշինք» պատգամավորական խմբի հրավերով 19:30-ին հրապարակ էին եկել տասնյակ հազարավոր երևանցիներ, իրենց դժգոհությունն ու բողոքը հայտնելու հանրապետության իշխանությունների եւ նրանց պարտվողական քաղաքականության նկատմամբ: Ելույթ ունեցողները՝ Հանրապետական կուսակցությունից Աշոտ Նավասարդյանը, ԱԻՄ-ից` Պարույր Հայրիկյանը, Ազգային ժողովրդավարական կուսակցությունից` Դավիթ Վարդանյանը, ՍԻՄ-ից Հրանտ Խաչատրյանը, ՀՅԴ-ից Հրայր Կարապետյանը պահանջեցին Հայաստանի նախագահի և նրա վարչակազմի հրաժարականը:

«Այն իշխանությունները, որոնց օրոք և որոնց վարած քաղաքականության հետևանքով այսօր մենք կորցնում ենք հայրենի հողեր և վտանգում հայ ժողովրդի ապագան, պետք է հեռանան և չփորձեն օրհասական կացության ողջ մեղքը բարդել ընդդիմության վրա:

Զուր փորձեր են և բոլոր ձախողումների համար պետք է պատասխան տա ՀՀ նախագահը իր համախոհներով»,- ասաց ՀՅԴ Հայաստանի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ Հրայր Կարապետյանը:

Հանրահավաքի մասնակիցներին ընթերցվեցին Արցախի Հայ ազգայնականության ճակատի, Դեմոկրատական կուսակցության և Մերգելյան ինստիտուտի կոլեկտիվի հանրահավաքում ընդունված հայտարարությունները, որոնցում որպես հայրենիքի փրկության միակ ուղի նշվում է ՀՀ նախագահի հրաժարականը և քաղաքական կուրսի փոփոխությունը:

Հանրահավաքի ավարտին Հրանտ Խաչատրյանը շարադրեց առաջիկա շաբաթվա ընթացքում կատարելիք գործնական քայլերի ծրագիրը` ակնկալելով ժողովրդի աջակցությունը Գերագույն խորհրդի արտակարգ խորհրդակցության հրավիրելու, հեռուստաժամ ստանալու գործում: Հանրահավաքի մասնակիցները շարժվեցին ՀՀ Նախագահի նստավայր` ներկայացնելու հրաժարականի վերաբերյալ իրենց պահանջը:

Հասնելով Նախագահի նստավայր, հանրահավաքի մասնակիցների պահանջները նախագահին ներկայացնելու նպատակով կազմվեց և նախագահի մոտ ուղարկվեց 7 հոգուց բաղկացած մի պատիրակության (Դաշինքը ներկայացնող բոլոր կուսակցություններից մեկական ներկայացուցիչ): Ինչպես ավելի ուշ հանրահավաքի մասնակիցներին հայտնեցրն պատվիրակության անդամները, նախագահի հետ իրենց հանդիպման ընթացքում, որին ներկա են եղել նաեւ հանրապետության փոխնախագահը և նախագահի խորհրդականներ, հանրապետության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նախ փորձել է խուսանավել և բանակցության մեկնած պատվիրակության անդամների ուշադրությունը շեղել հանրապետության առջեւ ծառացած այլ հիմնահարցերի շուրջ քննարկումներով, իսկ երբ դա նրան չի հաջողվել, ուղղակիորեն հայտարարել է, որ ինքը կամավոր հրաժարական չի տա ինչ-որ 3 հազար մարդկանց պահանջով: Փոխարենը նա խոստացել է երկուշաբթի օրը հրավիրել արտահերթ նստաշրջան, որի քննարկմանը ներկայացնել հանրապետության նախագահին վստահություն հայտնելու հարցը: Իսկ երբ հանրահավաքի պատվիրակները խնդրել են նրան դուրս գալ և իր որոշման մասին հայտնել դրսում հավաքված ժողովրդին, նախագահը ուղղակիորեն պատասխանել է. «Դա այն ժողովուրդը չէ: Եվ հետո, դա ձեր հանրահավաքն է, գնացեք ինքներդ էլ հայտնեք»: Նախագահը խոստացել է բավարարել Ազգային Դաշինքին ամեն օր 1 ժամ հեռուստաեթեր տրամադրելու առաջարկը:

Սակայն հանդիպման արդյունքներով և նախագահի խոստումներով չբավարարվելով, հանրահավաքի մասնակիցները նշեցին իրենց պահանջները հետապնդելու գործում իրենց վճռականությանը: Որոշվեց օգոստոսի 15-ի առավոտյան սկսել նախագահի հրաժարականի պահանջով ստորագրությունների հավաքումը: Միևնույն ժամանակ, Դաշինքի ներկայացուցիչները կփորձեն անհապաղ Հայաստանի Գերագույն խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու համար ստանալ անհրաժեշտ թվով պատգամավորների համաձայնությունը: Խորհրդարանի արտահերթ նիստում, ինչպես հայտնեց պատգամավոր Դավիթ Վարդանյանը, Ազգային Դաշինքը մտադիր է առաջ քաշել հանրապետությունում նախագահական համակարգը լուծարելու և Սահմանադիր ժողով հրավիրելու մասին հարցեր:

«Երկիր», 15 օգոստոսի, 1992թ., թիվ 156 (245)

Մեկնաբանել