Լոբբինգ և խավիար. ինչպես է Ադրբեջանը շեղում ուշադրությունը մարդու իրավունքների խախտումներից

Սեպտեմբերի 15-ին ԱՄՆ-ի Կոնգրեսում տեղի են ունեցել լսումներ՝ «Ադրբեջան. արդյոք մարդու իրավունքները նշանակություն ունեն» թեմայով: Բացելով լսումները՝ ԱՄՆ կոնգրեսական Ջեյմս Մաքգովերնն արձանագրել է, որ Ադրբեջանը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ունի լրջագույն խնդիրներ, սակայն իշխանությունները քայլեր չեն ձեռնարկում մարդու իրավունքները ոտնահարած պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Լսումներին Սկայպի միջոցով մասնակցել է նաև վերջերս ազատ արձակված հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովան: Նա պատմել է, որ այսօր Ադրբեջանում կա 138 քաղբանտարկյալ, մինչդեռ Արևմուտքը ադրբեջանական իշխանություններին դրա համար որևէ կերպ չի պատժել: Բաքվում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչն էլ Վաշինգտոնին կոչ է արել Ադրբեջանի նկատմամբ խաղաղ դիվանագիտությունից անցում կատարել ակտիվ, հրապարակային դիվանագիտության, որի շրջանակում առաջարկել է մի շարք քայլեր, ընդհուպ մինչև Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանին հետ կանչելը: Կոզլարիչը նաև մտավախություն է հայտնել՝ կապված սեպտեմբերի 26-ին Ադրբեջանում կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հետ, որի արդյունքում, դեսպանի համոզմամբ, միայն ուժեղացվելու են վարչակարգի դիրքերը:

Կոնգրեսում տեղի ունեցած լսումներին զուգահեռ Economist-ում լույս է տեսել պարբերականի հատուկ խմբագիր Մեթյու Վալենսիայի հոդվածը՝ Ադրբեջանի խավիարային դիվանագիտության մասին: Հեղինակը մանրակրկիտ անդրադառնում է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներին և Բաքվի կողմից լոբբինգի վրա ծախսվող հսկայական գումարներին:

«Ֆորմուլա 1». զբոսաշրջություն խթանելն ավելին է, քան տրիբունայում նստատեղեր լցնելը

Այս տարվա հունիսին պրոֆեսիոնալ ավտոմոբիլային սպորտի պատմության ընթացքում առաջին անգամ Բաքվում անցկացվեց «Ֆորմուլա 1» Գրան պրի եվրոպական մրցաշարը, որի նախաշեմին միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները հերթական անգամ ահազանգել էին քննադատների և այլախոհների դեմ Բաքվի բռնաճնշումների մասին:

Economist-ի խմբագիրը ականատեսի աչքով մրցաշարը բնութագրում է որպես «ոչ ահավոր հետաքրքիր» և նկատում, որ գլխավոր տրիբունայում կային բազմաթիվ ազատ տեղեր:

«Ադրբեջանը, հնարավոր է, նավթով հարուստ է, սակայն այդ հարստությունն անհամաչափ է բաշխված՝ 9 մլն-անոց բնակչությունից քչերն էին կարողացել իրենց թույլ տալ տոմս գնել՝ չնայած 40 տոկոս զեղչին»,- գրում է Վալենսիան և վկայակոչելով Ալիևի կառավարության այն պնդումը, թե մրցաշարի նպատակն է խթանել զբոսաշրջությունն ու դիվերսիֆիկացնել տնտեսությունը՝ նշում, որ դա ավելին է ենթադրում, «քան տրիբունայի նստատեղերը լցնելը»:

Անդրադառնալով Ադրբեջանի վարչակարգին և նախագահ Իլհամ Ալիևին՝ հեղինակն արձանագրում է Ադրբեջանում այլախոհների ու քննադատների դեմ հետապնդումները և բերում տվյալներ՝ երկրում կա 30-100 քաղբանտարկյալ, Ադրբեջանը «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության մամուլի ազատության ցուցիչով 180 երկրների շարքում 163-րդն է:

«Կառավարությունը քննադատների նկատմամբ վարում է «պտտվող դռան» քաղաքականություն՝ նրանց ըստ նպատակահարմարության ազատազրկելով և ազատ արձակելով»,- գրում է հեղինակը:

Նա նկատում է, որ «Ֆորմուլա 1»-ը Բաքվում կայացած միջազգային մարզական և մշակութային միջոցառումներից ընդամենը վերջինն էր, նկատում է 2012թ. Ադրբեջանը հյուրընկալել էր «Եվրատեսիլ» երգի մրցույթը, 2015թ.՝ առաջին Եվրոպական խաղերը: Բաքուն նաև մտադիր է հյուրընկալել Իսլամական համերաշխության խաղերը՝ իսլամական երկրների Օլիմպիադան ու նաև ֆուտբոլային առաջնության խաղեր 2020-ին:

«Ադրբեջանը հուսահատ փորձեր է կատարում եվրոպական ընտանիքի մաս դառնալու ուղղությամբ՝ չնայած Հարավային Կովկասում իր անհարմար դիրքին … Ադրբեջանը ակնկալում է գնել ավելին քան Եվրոպական համայնքի պատվավոր անդամությունն է: Այն ցանկանում է դիտվել որպես ժամանակակից, կայուն, աշխարհիկ դաշնակից անհանգիստ տարածաշրջանում և որպես հուսալի գործընկեր էներգետիկ և անվտանգության ոլորտներում»,- գրում է Վալենսիան՝ փաստելով, որ արևմտյան կառավարությունները Ադրբեջանին դիտարկում են որպես Կասպից տարածաշրջանի առանցքային դաշնակից, ինչի արդյունքում մարդու իրավունքների հարցում նրանց մտահոգությունները ստվերում են մնում:

Բացի այդ, հեղինակի պնդմամբ, Ադրբեջանը օգնում է Կասպից տարածաշրջանում Իրանի և Ռուսաստանի ազդեցության սահմանափակման հարցում:

«Իսրայելը հաճախ օգտագործում է Ադրբեջանին որպես տարածաշրջանում Իրանի գործողությունները հետազոտելու հարթակ և մեծ քանակությամբ զենք է վաճառել Ադրբեջանին»,- նշում է պարբերականի խմբագիրը:

Եվ չնայած ռազմավարական շահերը Արևմուտքին ստիպում են բարի աչքով նայել Բաքվին, այդուհանդերձ, Վալենսիայի համոզմամբ, վարչակարգը մի ամբողջ համակարգ է աշխատեցնում իր օգտին՝ լոբբիստական գործունեություն Արևմուտքում փիար կազմակերպությունների միջոցով, Բաքվում կազմակերպվող համաժողովներ, նվերներ և այլն:

Ադրբեջանի լոբբիստական գործունեությունը Եվրոպայում և Ամերիկայում

Մեթյու Վալենսիան բավական հանգամանալից է անդրադառնում Ադրբեջանի լոբբիստական գործունեությանն ու այդ համատեքստում մատնանշում եվրոպացի օրենսդիների հետ Բաքվի տարած քարոզչական աշխատանքը:

Եվրոպական մակարդակում, հեղինակի պնդմամբ, Ադրբեջանի ջանքերի մեծ մասն ուղղվում է, և բավական հաջող, դեպի Եվրոպայի Խորհուրդ՝ կազմակերպություն, որի առաքելությունն է մայրցամաքով մեկ խթանել ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունն ու տնտեսական զարգացումը, սակայն ԵԽ-ն բաժանված է Ադրբեջանի հարցում. չնայած Բաքվի դեմ կառույցի որոշ գործողություններին և հայտարարություններին՝ ԵԽ-ի անդամների մեծ մասը շահագրգռված չէ նրանով, որ նման մտահոգությունները խոչընդոտեն իրենց ռազմավարական առաջնահերթություններին:

ԵԽ-ում Ադրբեջանի լոբբիստական գործունեությունը կենտրոնացած է Խորհրդարանական վեհաժողովի՝ ԵԽԽՎ-ի վրա:

«Եվրոպական կայունության ինստիտուտ» ուղեղային կենտրոնի տվյալներով՝ Բաքուն լռեցնում է ԵԽԽՎ-ում առկա քննադատությունը դրա անդամներին, այդ թվում՝ նախագահ Պեդրո Ագրամունտին սիրաշահելով: Վերջինս հերքում է այդ պնդումները և դրանք սուտ որակում:

Ամերիկայում ադրբեջանցիները խավիարային դիվանագիտությունը վարում են իրենց դեսպանության, SOCAR պետական նավթային ընկերության և առնվազն մինչև վերջերս Azerbaijan America Alliance ընկերության միջոցով: Նրանք աշխատում են լոբբիստական ընկերությունների, այդ թվում՝ Podesta Group-ի հետ: Միջուկային գագաթաժողովին մասնակցելու նպատակով ԱՄՆ Ալիևի այցից առաջ՝ փետրվարին, ընկերությունը Բաքվի հետ կնքել է նոր՝ ամսական 50 հազ. դոլարի գործարք, և, ինչպես նկատում է Վալենսիան, դատելով Օբամայի հետ լուսանկարից և ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ Ալիևի հանդիպումներից՝ բավական մեծ գումարներ էին ծախսվել:

Ինչպես նշում է հեղինակը, 2011-2014թթ. Azerbaijan America Alliance (AAA) ընկերությունը ծախսել է 10 մլն դոլար: Այն նախագահում է Անար Մամադովը՝ նախարարական որդի և Դոնալդ Թրամփի երբեմնի բիզնես գործընկեր:

AAA-ն, գրում է պարբերականի խմբագիրը, հիմնադրվել է նաև Ամերիկայում հայկական հզոր լոբբիին դիմագրավելու նպատակով, որը Զբիգնև Բժեզինսկին ժամանակին բնութագրել է որպես Վաշինգտոնում օտարերկրյա ազգային երեք ամենաազդեցիկ լոբբիներից մեկը:

Հենց AAA-ի գործունեության արդյունքում նահանգային մի քանի օրենսդիր մարմիններ, այդ թվում՝ Օքլահոմայի և Իլլինոյսի սենատները, Ադրբեջանին գովերգող բանաձևեր են ընդունել:

Ադրբեջանի իշխանությունները բավական մեծ գումարներ են ծախսում նաև բրիտանական փիար ընկերությունների վրա, որոնց թվում՝ Bell Pottinger-ն է, որը մասնագիտացած է Վիքիպեդիայում հաճախորդների տվյալների վերաշարադրման ոլորտում: Ոմանք կասկածում են, որ հենց այդ ընկերությունն էր կանգնած Times պարբերականի՝ 2012թ. 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկում Իլհամ Ալիևի ընդգրկման հետևում:

Մինչդեռ, ինչպես պնդում է Մեթյու Վալենսիան, Ադրբեջանի տնտեսական անկումը հարցականի տակ է դնում այն հարցը, թե արդյոք կառավարությունը կարո՞ղ է շարունակել այդքան փող շռայլել հավատարմություն և աջակցություն գնելու համար:

Նա նկատում է, որ «խավիարային դիվանագիտությունը» նյարդայնացնում է տեղացիներին, որոնք բացահայտ բողոքում են լարված ժամանակներում փողերը քամուն տալուց:

Economist-ի խմբագիրը իր հոդվածը եզրափակում է վերջերս Ադրբեջանում ազատ արձակված իրավապաշտպան Ինթիգամ Ալիևի խոսքերով՝ «Չափից դուրս շատ խավիարից անգամ ամենաթրծված գուրմանի սիրտը կարող է խառնել»:

Ստելլա Մեհրաբեկյան