«Արդարություն Հայաստանում». Սփյուռքի արշավը՝ ի աջակցություն հայ ժողովրդի

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակը: Թանկյանը, սակայն, համոզված է, որ «անկախությունը քիչ արժեք ունի, երբ հանրության զգալի հատվածը դժգոհ է»:


«Այսօր լրանում է Հայաստանի անկախության 25-ամյակը: Մենք պետք է օգտվենք այս հնարավորությունից՝ տոնելու այս փոքր, բայց գեղեցիկ ազգի որոշ հաջողությունները, միևնույն ժամանակ, լուծենք առկա խնդիրները: Անկախությունը քիչ արժեք ունի, երբ հանրության զգալի հատվածը դժգոհ է: Այդ պատճառով ես և իմ մի խումբ ընկերներ հանդես ենք եկել հայտարարությամբ՝ ի աջակցություն հայ ժողովրդի և նրանց՝ դրական քաղաքացիական փոփոխությունների և բարեփոխումների կոչերի»,- գրել է Սերժ Թանկյանը՝ հրապարակելով change.org կայքում տեղադրված խնդրագիրն ու կոչ անելով ստորագրել այն՝ միանալով արշավին: «Արդարություն Հայաստանում» վերնագիրը կրող խնդրագիրը ստորագրել են մոտ երեք տասնյակ անվանի գործիչներ Սփյուռքից և Հայաստանից, որոնց թվում են, բացի Սերժ Թանկյանից, Վահե Բերբերյանը, Ալեքսիս Օհանյանը, Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը, Էրիկ Նազարյանը, Հասմիկ Պապյանը, Հրանտ Թոխատյանը, Սերժ Ավետիքյանը, Վիգեն Չեթերյանը և այլք:

«Արդարություն Հայաստանում» խնդրագիր

«Մենք՝ Հայաստանում և Սփյուռքում բնակվող հայերս, միասնաբար հանձնառու ենք Հայաստանում անհապաղ փոփոխություններ և արդարություն հաստատելու գործին:

2016թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած բողոքի ալիքների լույսի ներքո, որոնք հանգեցրին մարդու և քաղաքացիական իրավունքների կոպիտ խախտումների,

Մենք ասում ենք

Ո՛Չ համակարգային կոռուպցիային, մենաշնորհներին, դատական անհավասարությանը, ոստիկանության բռնի գործողություններին, կողմնակալ քաղաքականությանը, իրավունքների անհավասարությանը, արտագաղթին և ընտրակեղծարարությանը, որոնք հանգեցրել են շարունակական հուզումների:

Մենք ասում ենք

ԱՅՈ՛ բոլոր մարդկանց հավասարությանը, մարդու իրավունքների հիմնարար պահպանմանն ու պաշտպանությանը, արդար և թափանցիկ ընտրություններում ուղղակի ներգրավվածությանը, օրենքի գերակայության հանդեպ հարգանքին, արդար վարձատրությանը, իշխանությունների տարանջատմանը, ազատ մամուլին և իրավազուրկների պաշտպանությանը: Մենք ասում ենք ԱՅՈ՛ շոշափելի ժողովրդավարական փոփոխություններին՝ քաղաքացիական ներգրավվածության միջոցով:

Որպես հայերի համաշխարհային համայնք՝ մենք ցանկանում ենք, որ Հայաստանի քաղաքական ղեկավարները մարմնավորեն ազնվություն, իմաստնություն, բանականություն, դրսևորեն դիվանագիտական կեցվածք, լինեն հաշվետու, կարեկցող, արդյունավետ, ունենան Հայաստանի ժողովրդի հրատապ կարիքների հարցում տեսլական՝ այդ կերպ ապահովելով իրավահավասար, արդար և կառուցողական ճանապարհ դեպի իրական ժողովրդավարություն, որի դեպքում յուրաքանչյուր ձայն կարևոր է:

«Արդարություն Հայաստանում» արշավը մտահոգ աշխարհասփյուռ հայերի դաշինք է, որոնք հավատում են Հայաստանի ժողովրդի հետ համերաշխությանը և նրան, որ պետք է ազատ ու արդար ընտրություններում ներկա լինել որպես վկաներ և դիտորդներ, միևնույն ժամանակ, Հայաստանի բնակչութան հետ միասին ակտիվ ներդրում ունենալ մեր ազգի ներկայի և ապագայի կառուցման գործում:

Մենք պետք է ուրվագծենք մեր ժողովրդի տոկունությանն արժանի իրավահավասար մի պետություն և կառուցենք այն: Հաշվի առնելով մեր բացառիկ արժեքներն ու խառնվածքը՝ Հայաստանը կարո՛ղ է և պե՛տք է դառնա հնարավորության, ստեղծարարության, ժողովրդավարության և հույսի երկիր անհանգիստ տարածաշրջանում: Այլընտրանքն աներևակայելի է»:

Մեկնաբանել