Հանուն Հեյդար Ալիևի. Ադրբեջանը փոխում է Սահմանադրությունը

Այսօր Ադրբեջանում անցկացվում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, որը, Ադրբեջանի ընդդիմության պնդմամբ, ճանապարհ է հարթելու նախագահ Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի կողմից իշխանության է՛լ ավելի մեծ բռնազավթման համար: 1995թ. ընդունված Սահմանադրությունը փոփոխության է ենթարկվել երկու անգամ՝ 2002 և 2009 թվականներին:

Առաջարկվող փոփոխություններից ամենակարևորը վերաբերում է նախագահի լիազորությունների ժամկետի երկարաձգմանը՝ հինգից յոթ տարվա: Երկրի ներկայիս նախագահ 54-ամյա Իլհամ Ալիևը իշխանության է եկել 2003թ.՝ հոր՝ Հեյդար Ալիևի մահից հետո: Նախագահի պաշտոնում վերընտրվել է երկու անգամ՝ 2008 և 2013 թվականներին. դա հնարավոր էր դարձել 2009թ. տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի շնորհիվ, որի արդյունքում նույն անձին թույլատրվել է նախագահի պաշտոնում առաջադրվել ավելի քան երկու անգամ:

Մեկ այլ փոփոխությամբ առաջարկվում է սահմանել երկու փոխնախագահի պաշտոն, որոնց կնշանակի և աշխատանքից կազատի նախագահը: Նախատեսվում է, որ առաջին փոխնախագահը պետք է դառնա երկրի թիվ երկրորդ պաշտոնյան, որը կստանձնի երկրի ղեկավարի լիազորություններն այն դեպքում, եթե նախագահը ի վիճակի չլինի կատարել իր պարտականությունները: Եթե նա էլ ի վիճակի չլինի կատարել իր լիազորությունները, միայն այդ դեպքում դրանք կարող են փոխանցվել վարչապետին, որին հավանություն է տալու խորհրդարանը:

Ավելին՝ նախագահի թեկնածուների ներկայիս տարիքային շեմը (35 տարեկան) վերացվում է, իսկ պատգամավորության թեկնածուների տարիքային նվազագույն շեմը իջեցվում է 25-ից 18 տարեկանի:

Ադրբեջանի մայր օրենքում առաջարկվող մեկ այլ փոփոխությամբ նախագահին իրավունք է տրվում նշանակել արտահերթ ընտրություններ և լուծարել խորհրդարանը, եթե տարվա ընթացքում երկու անգամ օրենսդիրները անվստահության քվե հայտնեն կառավարությանը կամ մերժեն Սահմանադրական դատարանի, Գերագույն դատարանի և Կենտրոնական բանկի համար նախագահի առաջադրած թեկնածուներին:

Ադրբեջանական քաղաքական վերնախավն, անշուշտ, պաշտպանել է Սահմանադրության նախագիծը՝ համարելով, որ այն միտված է «կայունության պաշտպանությանն» ու «կառավարման համակարգի բարելավմանը»: Մինչդեռ ընդդիմությունը հավատացած է՝ սեպտեմբերի 26-ից հետո Ալիևների ընտանիքը, հատկապես Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի լույսի ներքո, երկար ժամանակով ամրապնդվելու է իշխանության ղեկին:

Ադրբեջանի «Ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլին հանրաքվեն բնութագրել է որպես «դե ֆակտո ընտանեկան անսահմանափակ իշխանության և ավտորիտար համակարգի ամրապնդման համար սահմանադրական հիմք ապահովելու փորձ»:

Առաջին փոխնախագահի պաշտոնը, ընդդիմադիրների կանխատեսմամբ, նախապատրաստվում է Իլհամ Ալիևի որդու՝ 19-ամյա Հեյդար Ալիև կրտսերի համար: Մեկ այլ վարկածի համաձայն՝ այդ պաշտոնն ստանձնելու է առաջին տիկին Մեհրիբանը:

Իլհամից՝ Հեյդարին

Իլհամ Ալիևի երեք զավակներից կրտսերը՝ Հեյդարը, ներկայում չորրորդ կուրսի ուսանող է, որն աչքի չի ընկնում քաղաքականության հանդեպ մեծ հետաքրքրությամբ, ինչը, սակայն, նահապետական Ադրբեջանում այնքան էլ կարևոր չէ, նկատում է Meydan.TV-ի հեղինակ Լեյլա Մուստաֆաևան:

Որպես ժառանգորդ՝ նա պետք է շարունակի իր պապի՝ Հեյդար Ալիև ավագի ստեղծած քաղաքական դինաստիայի ղեկավարումը:

Նրա մայրը՝ 52-ամյա Մեհրիբան Ալիևան, ղեկավարում է «Հեյդար Ալիև» հիմնադրամը, 2005-ից ի վեր խորհրդարանի անդամ է, իշխող՝ «Նոր Ադրբեջան» կուսակցության փոխանախագահն է: Քույրերը՝ 31-ամյա Լեյլա Ալիևան և 27-ամյա Արզու Ալիևան, նույնպես ակտիվ են հասարակական կյանքում:

Նախագահի լիազորությունների ժամկետի երկարաձգման դեպքում նախագահական և խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում կանցկացվեն նույն թվականին՝ 2020-ին, երբ Հեյդար կրտսերը կլինի 22-23 տարեկան:

Ադրբեջանի նախագահն ու նրա մերձավորներն իհարկե Հեյդարի առաջադրումը չեն նշում որպես տարիքային շեմի վերացման պատճառ: Սպասվող փոփոխությունները նրանք բնութագրում են որպես «կիրթ, հեռանկարային երիտասարդներին հնարավորությունների ընձեռում»՝ Ադրբեջանի «պետականակերտ բարեփոխումների» համատեքստում:

«Շահ Իսմայիլ Խաթային 14 տարեկան էր, Ալեքսանդր Մեծը՝ 20, Նապոլոենը՝ է՛լ ավելի երիտասարդ իշխանության գալու պահին»,- Լեյլա Մուստաֆաևան մեջբերում է Ադրբեջանի իշխող կուսակցության առաջին դեմքերից Ալի Ահմադովին, որի կարծիքով՝ «անհնար է պատկերացնել աշխարհն առանց վերոհիշյալ տիրակալների»:

Մուստաֆաևան պնդում է, որ այդուհանդերձ մինչև այժմ չի գրանցվել և ոչ մի վկայություն առ այն, որ նույնը կասվի երիտասարդ Հեյդարի մասին: Ներկայում նա ուսանում է «Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիա» համալսարանում՝ բուհ, որը պատրաստում է առաջնորդներ և դիվանագետներ:

Այս պահի դրությամբ նրա ամենանշանակալի ձեռքբերումը եղել է 2013թ., երբ կրթության նախարարությունը նրան պարգևատրել էր 238 ոսկե մեդալներից մեկով:

Միջազգայնորեն նրա անունը հիշատակվել է միայն մեկ անգամ՝ 2010-ին, երբ Washington Post պարբերականը բացահայտել էր, որ Ալիևի որդին, ըստ հաղորդագրությունների, ծախսել էր 44 մլն դոլար Դուբայում ինը դղյակ գնելու վրա:

Ինչևէ, Հեյդարի իմիջի կերտման աշխատանքն սկսված է: 2011թ. կառավարամետ լրատվամիջոցները սկսեցին նրան ներկայացնել որպես «համեստ, ուշիմ պատանի»՝ վկայակոչելով Հեյդարի անգլերեն լեզվի ուսուցչին, որը Ալիևի որդուն բնութագրել է որպես «օրինակ մյուսների համար»:

Նույն կառավարամետ լրատվամիջոցները վերջերս հաղորդեցին, որ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը 70-ամյա մի կին Հեյդար կրտսերին հաջորդ նախագահի պաշտոնում տեսնելու ցանկություն է հայտնել:

Այս ամենը ստիպում է ընդդիմության ներկայացուցիչներին անել մեկ եզրահանգում՝ սահմանադրական փոփոխություններն ունեն մեկ նպատակ՝ երիտասարդ Ալևին բերել իշխանության:

Իշխող կուսակցության անդամ Նիզամի Ջաֆարովը, ինչպես նշում է Meydan.TV-ի հոդվածագիրը, ոչ մի վատ բան չի տեսնում դրանում. նրա համոզմամբ՝ Ալիևները «օժտված ընտանիք են», և իրականում կարող են ընտրվել որպես պատգամավոր:

Վենետիկի հանձնաժողովի կարծիքը

Մինչդեռ Եվրոպայի Խորհրդի Վենետիկի հանձնաժողովը անցյալ շաբաթ Ադրբեջանի սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իր կարծիքում նշել է, որ նախագահի թեկնածուների համար տարիքային շեմի վերացումը կարող է «բացասաբար անդրադառնալ պետական կառավարման համակարգի ընդհանուր որակի վրա»:

Վենետիկի հանձնաժողովն ընդհանուր առմամբ քննադատել է առաջարկվող փոփոխությունները՝ նախազգուշացնելով, որ դրանք կարող են պետության ղեկավարին օժտել «անհավանական» իշխանությամբ:

Պաշտոնական Բաքուն իհարկե մերժում է այդ գնահատականը՝ այն որակելով «չմտածված» քաղաքական «պատվեր» Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անհայտ անդամներից:

Ալիևի վարչակարգը լռեցնում է ընդդիմախոսներին՝ սանձազերծելով բռնաճնշումների նոր ալիք՝ ձերբակալություններ, հետապնդումներ, տուգանքներ:

Նավթային բումի դարաշրջանի ավարտ

Ամերիկյան «Կարնեգի» հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը վստահ է՝ Ադրբեջանը նոր փուլ է թևակոխում. նավթային բումը, որը խթանեց տնտեսական աճ, ավարտվել է:

Հանրաքվեի միջոցով ավտորիտար իշխանությունն ամրապնդելու ձգտման հետևում, դե Վաալի համոզմամբ, իշխող վարչակարգի մտավախությունն է՝ կապված ուկրաինական Մայդանի և մերձավորարևելյան հեղափոխությունների հետ, ինչն էլ ստիպել է Իլհամ Ալիևին դիմել քաղաքական բռնաճնշումների, որոնք ավելի հուժկու են, քան ԿԳԲ-ի դպրոց անցած հոր մեթոդները:

«Երկրի առաջնորդները կարող են սահմանափակ ֆինանսական ռեսուրսներ առաջարկել հասարակությանը, որը քաղաքականապես այնքան պասիվ չէ, որքան տասը տարի առաջ էր և որում ի հայտ են գալիս ընդդիմության նոր դրսևորումներ, ինչպիսին է քաղաքական իսլամը: Իշխանությունների համար գլխավոր դիլեման կայանում է հետևյալում. արդյոք հնարավո՞ր է տնտեսությունը վերակենդանացնելու համար իրականացնել տնտեսական ազատականացում՝ առանց քաղաքական ազատականացման դիմելու, որը սպառնում է նրանց դիրքերին»,- գրում է փորձագետը:

2005, 2006 և 2007 թվականներին աշխարհում ամենաարագ աճող տնտեսությունն ունեցող Ադրբեջանի տնտեսական գրեթե բոլոր ցուցանիշները 2016թ. անկում են գրանցել: Նավթի գնանկումը շատ վատ է անդրադարձել Ադրբեջանի տնտեսության վրա:

Եթե միտումը պահպանվի, Ադրբեջանի նավթային պահուստները կարող են երկու տասնամյակում հյուծվել. 1994-ից ի վեր չի հայտնաբերվել և ոչ մի նոր նավթային հանքավայր: British Petroleum-ի վերլուծության համաձայն՝ 2014թ. վերջին Ադրբեջանի նավթի ապացուցված պահուստները կազմել են 7 մլրդ բարել՝ Ղազախստանի 30 մլրդ-ի, Ռուսաստանի 103 մլրդ-ի և Իրանի 158 մլրդ-ի դիմաց:

Թոմաս դե Վաալը նկատում է, որ տարիներ շարունակ Ադրբեջանի պաշտոնյաները խոսում են տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին, սակայն այդ ջանքերը կարծես նկատելի արդյունքների չեն բերել:

Չափազանցված են նաև պնդումները, որ «Հարավային գազային միջանցք» նախագծում Ադրբեջանը լինելու է առանցքային կետ, որը գազ կմատակարարի Եվրոպային:

Քաղաքական տեսանկյունից, վստահ է Թոմաս դե Վաալը, Ադրբեջանը ներկայում ավելի ավտորիտար է, քան երբևէ 1991-ին անկախության նվաճումից ի վեր:

Կարդացեք նաև՝ «Լոբբինգ և խավիար. ինչպես է Ադրբեջանը շեղում ուշադրությունը մարդու իրավունքների խախտումներից»:

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել