Օգնության հարցում Հայաստանը պետք է խորհրդակցեր համայնքի ղեկավարների հետ․ հալեպահայ գործիչը մտավախություններ ունի

Սիրիա օգնություն ուղարկելու հարցում Հայաստանը պետք է խորհրդակցեր համայնքի ղեկավարների հետ, ինչը, թերևս, տեղի չի ունեցել։ ՍիվիլՆեթի հետ զրույցում այս մասին ասաց Հալեպում բնակվող հրապարակախոս Մանուել Քեշիշյանը (Մանուէլ Քեշիշեան)։

Հայաստանի նախագահի հանձնարարությամբ՝ մարդասիրական բեռներով երկու օդանավ պետք է ուղարկվի Սիրիա։

Քեշիշյանը ենթադրում է, որ այդ օդանավերը վայրէջք կկատարեն Դամասկոսի օդանավակայանում, այնտեղից օգնությունը կբերվի Հալեպ, և դրա մեծ մասը կհատկացվի հայերին։ Դամասկոս-Հալեպ ճանապարհը գտնվում է կառավարական ուժերի վերահսկողության տակ, և բեռների առաքումը, ըստ Քեշիշյանի, բարդ չէ։

Հալեպահայ գործիչն ասաց, որ օդանավերով Սիրիա մարդասիրական օգնություն հասցնելը ունի նաև «թեական կողմեր», որովհետև «այդ օգնության միայն ճանապարհածախսով հնարավոր կլիներ տեղի շուկաներում ավելի շատ ապրանքներ ձեռք բերել, քանի որ տեղում գրեթե ամեն ինչ կա»։ Լավ կլիներ, որ Հայաստանի պատկան մարմինները այդ օգնությունը կազմակերպելու հարցում խորհրդակցեին համայնքի ղեկավարների հետ, ինչը թերևս տեղի չի ունեցել։

Մանուել Քեշիշյանը մտավախություն է հայտնում նաև, որ այս օգնության հատկացումը լայնորեն պրոպագանդվելու է տեղում և էլ ավելի բարդացնելու ընդդիմադիրների վերահսկողության տակ գտնվող հայերի վիճակը, որտեղ, նրա խոսքով, իսկական սով է։

Հալեպում ներկա վիճակի մասին

Հոկտեմբերի 1-ին Հալեպում հողին են հանձնել չորս հայ պատանիների և երիտասարդների մարմինները։ Մանուել Քեշիշյանը նշեց, որ կառավարական զորքերի՝ դեպի Հալեպի արևելյան թաղամասեր ներխուժման փորձերին զուգահեռ կառավարության վերահսկողության տակ գտնվող թաղաամասերը, այդ թվում՝ հայաշատ Նոր Գյուղ և Վիլլաներ թաղամասերը, սեպտեմբերի 30-ին ենթարկվել են սաստիկ ռմբակծոթյան՝ խլելով չորս հայ երիտասարդների կյանք:

Լուսանկարում՝ Մանուել Քեշիշյանը։Քեշիշյանի խոսքով՝ Հալեպի արևմտյան թաղամասերում, որտեղ իրենք են բնակվում, զոհերի թիվը հասել է 13-ի, վիրավորներինը՝ 40-ի, այդ թվում՝ 11 հայ։

Կառավարական զորքերը և նրանց աջակից խմբերը շարունակում են ներխուժումը ընդդիմադիրների վերահսկողության տակ գտնվող Հալեպի արևելյան պաշարված թաղամասերը, որտեղ վերջին զինադադարի կասեցումից հետո, ըստ ընդդիմադիր լրատվամիջոցների, ավելի քան 600 զոհ կա, այդ թվում՝ 106 երեխա:

Քեշիշյանը նշեց, որ քաղաքի հայկական դպրոցները շարունակում են բաց պահել իրենց դռները, բացառությամբ Կրթասիրաց Ս. Չէմպէրճեան վարժարանի, որը թեթև վնասներ է կրել ռմբակոծությունից:

«Արդեն երկու օր է՝ Հալեպը ջրազրկված է, քանի որ ռմբակոծության հետևանքով վնասվել են ջրատար խողովակները։ Էլեկտրականությունը շատ թանկ գնով մատակարարվում է մասնավոր գեներատորներից՝ օրական ընդամենը 10 ժամ»։

Հալեպահայությունը շարունակում է ապրել անվտանգության և տնտեսական առումով ծանր պայմաններում, մի քանի օրերի լավատեսությունն ամեն անգամ ընդմիջվում է հուսահատության տանող ու անմեղ զոհեր խլող ռմբակոծումներով: Հայկական դպրոցները անվճար են: Դրսից եկած օգնությունները շարունակում են տրամադրվել ժողովրդին զանազան ազգային և կրոնական կառոյցների միջոցով, թեև եղած օգնությունները անբավարար են՝ նկատի ունենալով գործազրությունն ու սիրիական լիրայի չափազանց մեծ արժեզրումը:

Հալեպի հայ համայնքի կյանքի մասին

Անցյալ շաբաթ հայկական Հալեպում տոնական տրամադրություն էր՝ նշում էին Հայաստանի անկախության 25-ամյակը: Հայաստանի հյուպատոսության կազմակերպած պաշտոնական ընդունելության ժամանակ շքանշանների և պատվոգրերի են արժանացել տասնյակ հայորդիներ, որոնց թվում՝ Բերիո Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի համայնքապետ Գերապայծառ Պետրոս Միրիաթեանն ու Հ.Բ.Ը.Մ․ Սուրիոյ Շրջանակային հանձնաժողովի ատենապետ տիար Ներսէս Ներսոյանը, ինչպես նաև Բերիո Հայոց Թեմի Առաջնորդ Շահան Սրբազան Արքեպիսկոպոս Սարգիսյանը։

Ներկայում Հալեպում հետաձգվել են հայկական համա-աշակերտական, սկաուտական ձեռնարկները, «Ադամյան« թատերախմբի «Ծիծաղի երեկոները» ներկայացումները:

Սպասվում է, որ հոկտեմբերի 8-ին հայկական վարժարանները միասնաբար կնշեն «Թարգմանչաց տոնը», որի ընթացքում ՀՀ Սփյուռքի նախարարության պատվոգրեր կհանձնվեն կրթության ոլորտի վաստակավոր գործիչների:

Մեկնաբանել