National Geographic-ը Հայաստանը ներառել է 10 երկրների ցանկում, ուր խորհուրդ է տալիս այցելել

«Տասը վայր, որոնք արժանի են ավելի շատ այցելուների»․ այս վերնագրով հոդված է հրապարակել ամերիկյան հեղինակավոր National Geographic հանդեսը, և տասը վայրերի թվում ներառել Հայաստանը։

Հայաստանից բացի՝ ցուցակում են Նիկարագուան, Նեպալը, Իրանը, Կոսովոն, Ուզբեկստանը, Ալբանիան, Արևելյան Թիմորը, Վրաստանը և Թունիսը։ Հոդվածում երկրներն սկսվում են այբբենական թվարկմամբ, և առաջինը Հայաստանն է՝ Տաթևի վանքի և շրջակայքի պատկերով։

National Geographic-ի հոդվածագիր Թարա Իզաբելլա Բուրթոնը (Tara Isabella Burton), կարճ ներկայացնելով Ղարաբաղյան հակամարտության պատմությունը, գրում է, որ չնայած առաջնագծում երբեմն տեղի ունեցող բախումներին, Հայաստանն այսօր ապահով է։ Զբոսաշրջային ենթակառուցվածքներն էապես զարգանում են՝ հիմնականում կենտրոնանալով հյուրատների և ագրոտուրիզմի ոճով հյուրընկալությունների վրա, որոնց նպատակն է հրապուրել ճամպրուկներով ճամփորդող արկածասեր զբոսաշրջիկներին դեպի երկրի՝ չթմբկահարված բնական ու ճարտարապետական գեղեցկությունը։

Ինչու գնալ Հայաստան․ այս հարցադրմանը National Geographic-ը պատասխանում է՝ քչերը գիտեն, որ Հայաստանը 301 թվականին առաջինը քրիստոնեությունն ընդունած երկիրն է։ Եվ Հայաստանի հնագույն եկեղեցիները, որոնց ավերակների հսկայական համալիրները ծվարել են վայրի կանաչ կիրճերում և գեղատեսիլ լեռնագագաթներին, աշխարհում լավագույն պահպանվածների շարքից են։   

«Եթե քրիստոնեական այլ եկեղեցիները զարդարված են որմնանկարներով, որոնցից շատերը խամրել են կամ ավերվել, Գեղարդի վանքի ժայռափորագիր առյուծները և Սանահինի մանրագործ խաչքարերը հիշեցնում են աշխարհի հնագույն, բայցև քիչ թմբկահարված քաղաքակրթություններից մեկի մասին։ Սակայն Հայաստանի եկեղեցիները միակ գրավիչ բանը չեն։ Վայրի խատուտիկներով լեցուն բլուրներն ու դաշտերը շատ ավելի մատչելի են, քան Վրաստանի գլխապտույտ լեռները»,- նկատում է հոդվածագիրը և նշում, որ Հայաստանում շատ են նաև հեթանոսական տաճարները, օրինակ՝ Գառնին, իսկ Դիլիջանին ասում են «հայկական Շվեյցարիա»։ 

Անպայման այցելե՛ք․ այս խորագրի տակ National Geographic-ը նշում է, որ զբոսաշրջիկների մեծ մասն իրենց ժամանակն անցկացնում է Երևանում։ «Սակայն կեսօրյա ճամփորդությունը (վստահելի տաքսիստի հետ՝ 50 դոլար) ձեզ կտանի Գորիս, քաղաք, որը տեղավորվել է ժայռերի ու ժայռաքարերի արանքում, ձեզ կտանի Հայաստանի դալար հարավը»։ Հոդվածագիրը խորհուրդ է տալիս անպայման այցելել նաև Հին Խնձորեսկ, ինչպես նաև Տաթև, որտեղ, ըստ նրա, աշխարհի ամենաերկար ճոպանուղին է, և նշում է Խաչիկ գյուղի հյուրատան մասին, որտեղ մնալը արժե 20 դոլար։

National Geographic-ը նաև զգուշացնում է, որ եթե Հայաստանից հետո ցանկանում եք այցելել Ադրբեջան, ապա «զգուշացե՛ք, որ ձեր այցը Ղարաբաղ կամ Հայաստանը գովազդող ձեզ մոտ առկա բուկլետները կարող են ձեզ զրկել այդ երկիր մտնելու իրավունքից»։

Լուսանկարը՝  National Geographic-ի շապիկից։