ՍիվիլՆեթի օպերատորի մեքենան վնասելու դեպքով հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Սիվիլնեթ»-ի օպերատոր Սարգիս Խարազյանի գույքը դիտավորությամբ վնասելու դեպքի առթիվ:

Ինչպես հաղորդում են ՀՀ Քննչական կոմիտեից, նկատի ունենալով, որ նյութերը պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Խարազյանը ճանաչվել է տուժող և հարցաքննվել։ Մշակվել են քննչական պլան, աշխատանքային վարկածներ և իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վարկածներն ստուգելու, դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրությունները, ենթարկվել զննության: Նշանակվել են դատակենսաբանական, դատաապրանքաբանական փորձաքննություններ:

***

Սեպտեմբերի 30-ի առավոտյան ՍիվիլՆեթի օպերատոր Սարգիս Խարազյանը Երևանի Կիլիկիա թաղամասում իրենց շենքի բակում կայանած իր ավտոմեքենան գտել է վնասված վիճակում՝ ապակիները ջարդված, անվադողերը ճղված։

Ինչպես հայտարարում է Քննչական կոմիտեն, առերևույթ հանցագործություն կատարած անձը դիտավորյալ կոտրել է բակում կայանված քաղաքացի Ս.Խարազյանին պատկանող «Միցուբիշի Գրանդիս» ավտոմեքենայի ապակիները, վնասել մեքենայի 4 անվադողերը։

Մեկնաբանել