Թուրքական ընդդիմադիր «Ջումհուրիեթի» դեմ արշավը շարունակվում է

Թուրքիայի Հանրապետության ամենահին՝ «Ջումհուրիեթ» թերթի դեմ արշավը շարունակվում է․ այս անգամ ձերբակալվել է «Ջումհուրիեթի» գործադիր խորհրդի նախագահ Աքըն Աթալայը։

Hurriyet Daily News-ի փոխանցմամբ՝ դա տեղի է ունեցել «Աթաթյուրք» միջազգային օդանավակայանում նոյեմբերի 11-ին։

Աթալայի ձերբակալությանը նախորդել է նոյեմբերի 5-ին թերթի մոտ մեկ տասնյակ աշխատակիցների, այդ թվում՝ գլխավոր խմբագիր Մուրաթ Սաբունջուի ձերբակալությունը։ Նրանք բոլորը մեղադրվում են Թուրքիայում ահաբեկչական հռչակված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) և Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ կապեր ունենալու մեջ։

Ձերբակալության հրաման էր արձակվել նաև «Ջումհուրիեթի» նախկին գլխավոր խմբագիր Ջան Դյունդարի համար։

Վտարանդի խմբագիր Դյունդարը՝ Փարիզի պատվո քաղաքացի

Վերջինս, ի դեպ, նոյեմբերի 8-ին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի կողմից ստացել էր Ֆրանսիայի մայրաքաղաքի պատվո քաղաքացիություն։

Ջան Դյունդարն ու «Ջումհուրիեթի» Անկարայի բյուրոյի ղեկավար Էրդեմ Գյուլը հունիսին դատապարտվել էին 5 տարվա և 10 ամսվա ազատազրկման՝ «պետական գաղտնիքներ բացահայտելու» համար։ Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ պարբերականը պատմել էր, որ Թուրքիան մաքսանենգ ճանապարհով զենք է արտահանում Սիրիա։ Ինչպես գրում է qantara.de կայքը, վտարանդի Դյունդարն այժմ ապրում է Գերմանիայում։

«Ջումհուրիեթ» թերթը հիմնադրվել է 1924թ․, անվանադիրը Թուրքիայի Հանրապետության առաջին նախագահ Մուստաֆա Քեմալն է։ Պարբերականը անցյալ տարվա ընթացքում շարունակաբար թիրախավորվել է Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից։

Մեկնաբանել