Հայաստանում ինտերնետն ազատ է․ Freedom House

Freedom House-ը հրապարակել է աշխարհում Ինտերնետի ազատության 2016 թվականի զեկույցը։ Հայաստանն այս տարի 30 բալով դասված է ազատ երկրների շարքում:

Զեկույցի՝ Հայաստանին վերաբերող մասում նշվում է, որ անցած տարվա ընթացքում ինտերնետի ազատությունը երկրում մեծապես անկաշկանդ է եղել։ Հեղինակներն, այդուհանդերձ, անդրադարձել են Հայաստանում հուլիսին տեղի ունեցած բողոքի ակցիաները ուղիղ լուսաբանող լրագրողների վրա ոստիկանության հարձակումներին, քաղաքացիական անհանգստություններին ու ապրիլյան բախումներին։

Զեկույցում ասված է, որ պատմականորեն ինտերնետը Հայաստանում համեմատաբար ազատ է եղել՝ ենթակառուցվածքների և հասանելիության աստիճանական բարելավումներով, որոնց շնորհիվ բնակչության ավելի մեծ հատվածներ ինտերնետի մատչում են ստանում։

Շեշտվում է, որ ակտիվիստները Հայաստանում սոցիալական մեդիան օգտագործում են իրենց գործունեության ընթացքում․ առցանց հարթակում անկաշկանդ գործում են ընդդիմությունն ու անկախ մամուլը։

Տարածաշրջանում ազատ են համարվել Վրաստանը՝ 25 բալով և Հայաստանը՝ 30 բալով։ Ադրբեջանը՝ 57 բալով, հայտնվել է մասամբ ազատների ցանկում, մյուս հարևաններից Թուրքիան և Իրանը՝ 61 և 87 բալերով համապատասխանաբար, անազատների ցուցակում են։

ԱՊՀ երկրներից անազատների ցուցակում են նաև Ռուսաստանը (65), Ղազախստանը (63), Բելառուսն (62) ու Ուզբեկստանը (79)։

2015թ․ նույնպես Հայաստանը դասվել էր ինտերնետի ազատության առումով ազատ երկրների շարքին, սակայն այս տարի ցուցիչը երկու կետով նվազել է։

Մեկնաբանել