Պեկինի օտար լեզուների համալսարանում հայոց լեզուն կուսուցանվի որպես առանձին մասնագիտություն

Պեկինի օտար լեզուների համալսարանում «Հայոց լեզու» առարկային կտրվի մշտական մասնագիտության կարգավիճակ․ համապատասխան պայմանավորվածությունը վերահաստատել է Չինաստանի կրթության նախարար Չեն Բաո Չենը: Վերջինիս հետ Չինաստան կատարած այցի ընթացքում հանդիպում է ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։

Ինչպես հաղորդում են ՀՀ կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունից, նախարարները քննարկել են Հայաստանում կառուցվող չինական դպրոցի գործունեության հեռանկարները, կարևորել են դպրոցին տարածաշրջանային նշանակություն տալու հարցը, ինչպես նաև վերապատրաստումների համակարգ ունենալու հնարավորությունը:

Չինաստանի կրթության նախարարը ողջունել է Պեկինի մանկավարժական համալսարանի և Երևանի Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական համալսարանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը` համատեղ ծրագրեր իրականացնելու և կրկնակի դիպլոմ տրամադրելու ուղղությամբ:

Կողմերը պայմանավորվել են գարնանը կազմակերպել Պեկինի մանկավարժական համալսարանի և Կոնֆուցիուսի ինստիտուտների գլխավոր գրասենյակի պատվիրակների այց Հայաստան, որի ընթացքում կկնքվեն համապատասխան պայմանագրեր:

Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև Կոնֆուցիուսի ինստիտուտների գլխավոր գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Սիա Ձիենհուիի հետ: Նախարարը նշել է, որ Երևանում կառուցվող չինական դպրոցի գործունեության մեկնարկից հետո խիստ կարևորվելու է կենտրոնի դերակատարումը` Հայաստանի մանկավարժական կադրերի վերապատրաստման և տեղական կադրերով համալրելու առումով:

Քննարկվել է նաև Կոնֆուցիուսի ինստիտուտների ցանցի կողմից Հայաստանին տրամադրվող կրթաթոշակների մեթոդի արդիականացման հարցը:

Պեկինի օտար լեզուների համալսարանը հիմնադրվել է 1941թ․։ Ներկայում համալսարանում ուսուցանվում է 67 օտար լեզու։ Համալսարանն առաջարկում է տարբեր մակարդակների կրթական ծրագրեր, ներառյալ՝ օտար լեզուների և գրականության, չինարեն լեզվի և գրականության, լրագրության և հաղորդակցության, քաղաքագիտության, իրավունքի և այլ դոկտորական ծրագրեր։

Մեկնաբանել