Իսրայելը Ադրբեջանին արդի սարքավորումներ և անվտանգության կատարելագործված համակարգեր կմատակարարի

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի՝ դեկտեմբերի 13-ին Ադրբեջան կատարելիք այցը ռազմավարական մեծ կարևորություն ունի Իսրայելի համար․ իսրայելական breakingisraelnews.net-ի հետ զրույցում հայտարարել է Իսրայելի հետախուզության ծառայության՝ Մոսադի ղեկավար Յոսի Քոենը։

Կայքը նշում է, որ վերջին օրերին Իսրայելը պաշտոնապես առաջարկել է խթանել երկու երկրների միջև անվտանգության ոլորտում համագործակցությունը, հարցի շուրջ նախնական բանակցություններ են ընթանում։

Ստորագրվելիք փաստաթղթով երկու կողմերը պարտավորվում են խորացնել անվտանգության ընդհանուր սպառնալիքների դեմ բազմակողմանի համագործակցությունը, բացի այդ, Իսրայելը պարտավորվում է Ադրբեջանին մատակարարել տեխնիկական արդի սարքավորումներ և կատարելագործված անվտանգության համակարգեր։

«Ադրբեջանի անվտանգության ոլորտի պաշտոնյաների հետ նախնական համաձայնությամբ՝ Մոսադը սերտորեն կհամագործակցի Ադրբեջանի կառավարության հետ ահաբեկչության և կրոնական ծայրահեղականության դեմ պայքարի, հեղաշրջումների փորձերի կանխարգելման ոլորտում։ Այս համատեքստում պայմանավորվածություն է ձեռք բերվել Բաքվում Մոսադի մի շարք փորձառու պաշտոնյաներ տեղակայելու շուրջ»,- ասել է Մոսադի ղեկավարը։

Իսրայելցի պաշտոնյան նաև տեղեկացրել է, որ Թել Ավիվն ու Բաքուն եռամսյակը մեկ համատեղ հավաքներ կանցկացնեն։

Պատասխանելով հարցին, թե որն է համաձայնագրի նպատակը, Քոենն ասել է, որ այն «շատ օգտակար է Ադրբեջանի անվտանգությունը կատարելագործելու և երկրի արտաքին սպառնալիքների դեմ պայքարի, ինչպես նաև երկու երկրների անվտանգության տեսանկյունից»։

Մեկնաբանել