Նեթանյահուն Թրամփին կհամոզի խզել Իրանի հետ համաձայնագիրը

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին համոզելու է չեղարկել Իրան-Վեցյակ համաձայնագիրը։

CBS ամերիկյան հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդաշարի շրջանակում Նեթանյահուն ասել է, որ գործարքից ձերբազատվելու առնվազն հինգ տարբերակ ունի մտքում։

Լեսլի Սթոլի՝ տարբերակներից մեկը ներկայացնելու խնդրանքին ի պատասխան Նեթանյահուն ասել է, որ նախընտրում է նախքան «60 րոպե»-ին որևէ բան ասելը զրուցել Դոնալդ Թրամփի հետ։

Իսրայելի վարչապետը պատմել է, որ ԱՄՆ-ի հեռացող նախագահ Բարաք Օբամայի հետ ունեցել է տարաձայնություններ, որոնցից ամենահայտնին վերաբերում է հենց Իրանին․ Օբաման ձգտում էր Իրանի հետ համաձայնության գալ՝ չնայած Իսրայելի վարչապետի առարկություններին։

Բենյամին Նեթանյահուն, ելույթ ունենալով ԱՄՆ-ի Կոնգրեսում, քննադատել էր Իրանի հետ համաձայնությունը՝ այն որակելով «վատ գործարք», իսկ Իրանի մասին ասել, որ «այդ վարչակարգը մշտապես լինելու է Ամերիկայի թշնամին»։

Իր քարոզարշավի ընթացքում Իրանի հետ համաձայնագիրը մեծապես քննադատել է նաև Դոնալդ Թրամփը՝ այն անվանելով «աղետալի»։

Անցյալ շաբաթ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ թույլ չի տա Թրամփին խզել գործարքը, որը կնքվել է Իրանի և վեց երկրների միջև։

2015թ․ ամռանը ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Չինաստանը Իրանի հետ կնքել էին համաձայնագիր վերջինիս միջուկային ծրագրի շուրջ։ Իրանը պատժամիջոցների վերացման դիմաց համաձայնել էր թույլ տալ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչների մուտքը իր միջուկային օբյեկտներ։

Մեկնաբանել