«Իսրայելական զենքի վաճառք, մեծ նավթ և Մոսադ․ ինչո՞ւ է Ադրբեջանը Թրամփի հյուրանոցում Հանուկայի խնջույք անցկացնում»

Այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մեկօրյա այց է կատարել Բաքու, որտեղ խոսել է իսրայելա-ադրբեջանական «գերազանց հարաբերությունների» մասին, իսկ Ադրբեջանն անվանել «հրեա-մուսուլմանական համագոյակցության» փարոս, Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանությունը Սպիտակ տան հարևանությամբ գտնվող Trump Tower-ում նշել է հրեական Հանուկա տոնը։

Բաքվի ժեստը

Իսրայելական Haaretz պարբերականը «Իսրայելական զենքի վաճառք, մեծ նավթ և Մոսադ․ ինչո՞ւ է Ադրբեջանը Թրամփի հյուրանոցում Հանուկայի խնջույք անցկացնում» վերնագրով հոդվածում թվարկում է մի շարք գործոններ, որոնք վկայում են, որ իսրայելա-ադրբեջանական հարաբերությունները ծագում են աշխարհաքաղաքական նման դժվարություններից։

Հեղինակներ Ալիսոն Կապլան Սոմերն ու Թալի Կրուպկինը կարծում են, որ երկու երկրներին գործնական մակարդակում կապում է իսրայելական արտադրության զենքի և պաշտպանական համակարգերի վաճառքը, որոնք առանցքային են Հայաստանի հետ հակամարտության մեջ գտնվող Ադրբեջանի համար։

«Իր հերթին Իսրայելը, բացի նրանից, որ շահում է այդ վաճառքից, մեծապես կախված է ադրբեջանցիներից էներգետիկ ոլորտում։ Ադրբեջանը Իսրայելի՝ նավթի և գազի խոշորագույն մատակարարներից է»,- գրում են հեղինակները։

Նրանք նաև մեջբերում են Wikileaks-ի հրապարակած՝ 2009թ․ ԱՄՆ Պետքարտուղարության հաղորդագրություններից մեկը, ըստ որի՝ երկու երկրների համար էլ Իրանը «գոյութենական վտանգ» է ներկայացնում։ Իսրայելի առաջակարգ պաշտպանական արդյունաբերությունը, որն ակաշկանդ մոտեցում ունի իր հաճախորդների բազայի հարցում, կատարյալ կերպով համընկնում է Ադրբեջանի պաշտպանական կարիքներին, որոնք չեն բավարարում ԱՄՆ-ը, Եվրոպան և Ռուսաստանը՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հետ կապված պատճառներով։

Իսրայելական պարբերականը գրում է, որ մեկնաբանները Բաքվի այս ժեստը դիտարկում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների համատեքստում։

«Ադրբեջանը ամեն տարի ծախսում է միլիոններ ամերիկյան կառավարության լոբբինգի վրա, և Հանուկայի կապակցությամբ ընկերական խնջույքը Trump հյուրանոցային ցանցում անշուշտ չի խանգարի»,- ասված է հոդվածում։ Ընդգծվում է, որ հանրահայտ ճշմարտություն է՝ բազմաթիվ երկրներ փորձում են զարգացնել հարաբերությունները Իսրայելի հետ՝ Ամերիկայում հրեական ազդեցիկ կազմակերպություններին սիրաշահելու համար։

«Անթաքույց քծնանք»

Asbarez պարբերականը, անդրադառնալով Հանուկային նվիրված խնջույքին և այդ առնչությամբ Haaretz-ի հոդվածին, գրում է, որ ոչ բոլորն են ողջունել այդ միջոցառումը։

Որոշ ամերիկյան հրեական կազմակերպություններ բոյկոտել են ընդունելությունը՝ այն որակելով «անթաքույց քծնանք»՝ հաշվի առնելով տեղի ընտրությունը, ինչպես նաև «աներևակայելի»` Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում տիրող սարսափելի իրավիճակի պատճառով։

Asbarez-ի Արա Խաչատուրյանը գրում է, որ Թրամփի ընտրվելուց հետո ավելացել են Ադրբեջանի պատվերով գրվող հակահայկական հրապարակումները, որոնցից մեկի հեղինակը՝ Ջեյսոն Կացը, americanthinker.com-ում վերջերս գրել էր, որ Դոնալդ Թրամփը, չունենալով որևէ պարտավորություն Ամերիկայի հայկական լոբբիի առաջ և դրականորեն տրամադրված լինելով Ադրբեջանի հանդեպ, կարող է պրագմատիկ մոտեցում ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում և լուծել այդ հարցը։

Երևանը պետք է վերանայի իր հարաբերությունները Թել Ավիվի հետ

Արա Խաչատուրյանը կարծիք է հայտնում, որ Հայաստանի քաղաքականությունը Իսրայելի հանդեպ կենտրոնացած է սոսկ դիվանագիտականա հարաբերությունների հաստատման վրա, և դեսպանի նստավայրն անգամ Թբիլիսիում է։

«Ժամանակն է, որ Երևանը ավելի ուշադիր մոտեցում ցուցաբերի Իսրայելի և Ադրբեջանի արատավոր դաշնակցությանն ու վերանայի իր դիվանագիտությունը Թել Ավիվի հանդեպ, քանի որ նա մեծապես ներգրավվում է Ղարաբաղում՝ հարց, որը չի վերաբերում է հրեական պետությանը»,- եզրափակել է հեղինակը։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել