Բաքուն ՎՈՒԱՄ-ին կոչ է անում համագործակցել հակամարտություններին վերջ դնելու համար

Ադրբեջանը ՎՈՒԱՄ-ի անդամներին առաջարկում է ամրապնդել համագործակցությունը․ այս մասին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի 9-րդ նստաշրջանի ժամանակ։

Մամեդյարովը նշել է, որ անդամ-երկրներ Ուկրաինան, Վրաստանը, Ադրբեջանն ու Մոլդովան առերեսվել են նմանատիպ խնդիրների։ Ադրբեջանցի նախարարի համոզմամբ՝ կազմակերպության հեղինակությունն օր օրի աճում է։

«ՎՈՒԱՄ-ի անդամ-երկրները կապերի ամրապնդման համար պետք է առաջին հերթին ամրացնեն ինքնիշխանությունն ու անկախությունը, վերջ դնեն հակամարտություններին և օկուպացիային։ ՎՈՒԱՄ-ի չորս անդամները, կարելի է ասել, նույն խնդրով են տառապում։ Դրա համար անհրաժեշտ է ամրապնդել համագործակցությունը։ Այդ ամենը կբերի ՎՈՒԱՄ երկրների զարգացման և կապահովի բնակչության բարեկեցիկ կյանքը»,- հայտարարել է Մամեդյարովը։

Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը նաև ասել է, որ Բաքուն չի ճանաչում Ադրբեջանից Ուկրաինայի և Վրաստանի օկուպացված տարածքներ կատարված այցելությունները։

«Միջազգային իրավունքին համապատասխան՝ մենք ճանաչում ենք երկրների սահմանները նրանց տարածքային ամբողջականության շրջանակում։ Մենք շարունակելու ենք մեր ջանքերն այդ ուղղությամբ։ Ադրբեջանն այդ դիրքորոշման մասին հայտարարել է Ուկրաինայի և Վրաստանի առնչությամբ։ Կարծում եմ՝ այդ սկզբունքին պետք է հետևեն ՎՈՒԱՄ-ի բոլոր չորս անդամները»,- ասել է Մամեդյարովը՝ մատնանշելով, որ Ուկրաինայի և Վրաստանի կողմից երբեմն թույլատրվում են այցելություններ օկուպացված տարածքներ, մինչդեռ «Ադրբեջանի դիրքորոշումն այդ հարցում հայտնի է՝ նա նման այցելություններ թույլ չի տալիս»։

Մամեդյարովը նաև տեղեկացրել է, որ հաջորդ տարեսկզբին Կիևում տեղի կունենա կազմակերպության վարչապետերի հանդիպում։

Հանուն ժողովրդավարության և տնտեսական զարգացման կազմակերպությունը՝ ՎՈՒԱՄ-ը, որի մեջ մտնում են Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջանն ու Մոլդովան, տարածաշրջանային կառույց է, որը ստեղծվել է 1997թ․։ 1999-2005թթ․ կազմակերպության մեջ մտնում էր նաև Ուզբեկստանը։

Մեկնաբանել