Հայ-իրանական ազատ տնտեսական գոտին ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքում է

Դեկտեմբերի 22-ի նիստում կառավարությունը հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի նախագծին։ Մաքսային օրենսգրքում ֆիքսած է Հայաստանի ազատ տնտեսական գոտին Իրանի սահմանին։

Օրենսգիրքը նախատեսում է կարգավորել ԵԱՏՄ անդամ պետություններ երրորդ` ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ապրանքների ներմուծման և նշված պետություններ ապրանքների արտահանման հետ կապված մաքսային գրեթե բոլոր իրավահարաբերությունները: Օրենսգրքում որպես հիմնական սկզբունք նշված է, որ մաքսային հայտարարագրումն իրականացվում է էլեկտրոնային ձևով: Նախատեսվում է կրճատել ապրանքների բացթողման ժամկետները: Մասնավորապես, սահմանված բոլոր փաստաթղթերի ներկայացման պարագայում ապրանքների բացթողումը կատարվում է մաքսային մարմինների կողմից մաքսային հայտարարագիրը գրանցելուց 4 ժամվա ընթացքում (ներկայումս սահմանված է մաքսային հայտարարագրի գրանցումից հետո 1 աշխատանքային օր): Ներկայումս գործող Մաքսային միության մաքսային օրենսգրքով նախատեսված է 2 ամիս ժամանակավոր պահպանության ժամկետ` ևս 2 ամիս երկարաձգման հնարավորությամբ:

Օրենսգրքով վարչարարական գործընթացների պարզեցման նպատակով նախատեսվում է սահմանել միանգամից 4 ամիս ժամկետ` առանց երկարաձգման հնարավորությունների: Հստակեցվել են ապրանքների մաքսային ընթացակարգերով ձևակերպման պայմանները, ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման գծով պարտավորությունների առաջացման, դադարեցման և կատարմանն առնչվող դրույթները: Նոր օրենսգրքով սահմանվել են նաև «Ազատ մաքսային գոտի», «Ազատ պահեստ» և հատուկ մաքսային ընթացակարգերը:

Կարևորելով «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը՝ գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ այն պետք է մաքսիմալ ադապտացնել մեր գործող օրենքներին և կիրառման գործընթացը շատ մատչելի դարձնել: Կարեն Կարապետյանը նշել է նաև, որ Մաքսային օրենսգրքում ֆիքսած է մեր ազատ տնտեսական գոտին Իրանի սահմանին:

Դեկտեմբերի 21-ին վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Երևանում Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպմանը կարևորվել էր հայ-իրանական ազատ առևտրի գոտու ստեղծումը։

Լուսանկարում՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցը Երևան, հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ, դեկտեմբերի 21, 2016։

Մեկնաբանել