Վրաստանը դառնում է Եվրոպոլի գործընկեր

Եվրամիության իրավապահ գործակալությունը՝ Եվրոպոլն ու Վրաստանը կստորագրեն ռազմավարական և օպերատիվ համագործակցության վերաբերյալ համաձայնագիր․ դեկտեմբերի 22-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստին հավանություն է տրվել համաձայնագրի նախագծին։

Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Մգեբրիշվիլին Եվրախորհրդարանի որոշումը «պատմական» է որակել՝ ասելով, որ դա նշանակում է, որ ոստիկանության գործունեության տեսանկյունից Վրաստանը մտնում է եվրոպական տարածք։

«Նշված համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելուց հետո Վրաստանը կդառնա Եվրոպոլի օպերատիվ գործընկերը, ինչը մեզ հնարավորություն կտա համագործակցել կառույցի հետ ինչպես օպերատիվ, այնպես էլ ոչ օպերատիվ ուղղություններով։ Անվտանգ խողովակով մենք կփոխանակենք օպերատիվ տեղեկատվություն և անհատական տվյալներ, կմասնակցենք միասնական քննչական խմբերի, Եվրոպոլից կստանանք ոստիկանական կարևոր տեղեկատվություն՝ հիմնված վերլուծության վրա»,- մամուլի ասուլիսին, agenda.ge-ի փոխանցմամբ, ասել է վրաց նախարարը։

Միևնույն ժամանակ, Վրաստանը ներկայացված կլինի Հաագայի Եվրոպոլի կենտրոնակայանում՝ այնտեղ ունենալով կապի սպա։

Մգեբրիշվիլին նշել է, որ համաձայնագիրը կնշանակի «է՛լ ավելի մեծ անվտանգություն», «է՛լ ավելի արդյունավետ պայքար վերազգային հանցագործությունների դեմ»։

Եվրոպոլի կայքի համաձայն՝ օպերատիվ և ռազմավարական համագործակցության համաձայնագրեր են կնքված ԵՄ-ի մեջ չմտնող այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Կանադան, Ավստրալիան, Նորվեգիան, Շվեյցարիան և այլն։

Մեկնաբանել