Պուտինի անսպասելի որոշումը․ ամերիկացի դիվանագետները չեն արտաքսվի

Պուտինը Օբամային համարժեք պատասխան չի տա և ամերիկացի դիվանագետներին չի արտաքսի Ռուսաստանից։ «Ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման հետագա քայլերը ձեռնարկելու ենք՝ ելնելով այն քաղաքականությունից, որը կվարի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը»,- հայտարարել է Պուտինը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է ԱՄՆ հեռացող նախագահ Բարաք Օբամային համարժեք պատասխան չտալ և ամերիկացի դիվանագետներին չարտաքսել Ռուսաստանից։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախօրեին հայտարարել է, որ Ռուսաստանը միջամտել է Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններին, հաքերական հարձակումներ է իրականացրել ամերիկյան կուսակցությունների կայքերի վրա, այդ իսկ պատճառով ԱՄՆ-ում Ռուսաստանի 35 դիվանագետի, որոնք առնչություն են ունեցել այդ հարձակումներին, հայտարարել է անցանկալի անձ։

Ի պատասխան ամերիկյան այս քայլի՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Պուտինին առաջարկել էր համարժեք՝ 35 ամերիկացի դիվանագետների արտաքսել Ռուսաստանից։ Սակայն Պուտինը անսպասելի որոշում է կայացրել և որոշել չգնալ նման քայլի։

Ռուսաստանի նախագահի պաշտոնական Kremlin.ru կայքում զետեղված Պուտինի հայտարարությունում նշվում է, որ ԱՄՆ հեռացող վարչակազմի գործողությունները «սադրիչ են, որոնք ուղղված են ռուս-ամերիկյան հարաբերությունների հետագա վատթարացմանը»։

«Դա ակնհայտորեն հակասում է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ամերիկայի ժողովուրդների հիմնարար շահերին։ Գլոբալ անվտանգությունը պահպանելու Ռուսաստանի և ԱՄՆ-ի հատուկ պատասխանատվությունը հաշվի առնելով՝ դա վնասում է միջազգային հարաբերությունների ամբողջ համալիրին»,- ասված է Պուտինի հայտարարությունում։

«Միջազգային ձևավորված պրակտիկայում ռուսական կողմը ունի բոլոր հիմքերը համարժեք պատասխանի համար։ Մեզ վերապահելով համարժեք միջոցների իրավունքը՝ չենք իջնելու «խոհանոցային», անպատասխանատու դիվանագիտության մակարդակին և ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման հետագա քայլերը ձեռնարկելու ենք՝ ելնելով այն քաղաքականությունից, որը կվարի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը»,- հայտարարել է Պուտինը։

Մեկնաբանել