«Հաց բերողը» կալանքից ազատ է արձակվել

«Հաց բերող» անունը ստացած Արթուր Սարգսյանը կալանքից ազատ է արձակվել։

Այս մասին Ֆեյսբուքում գրել է Սարգսյանի պաշտպան Տիգրան Եգորյանը։

«Նախատոնական լավ լուր․ քիչ առաջ կալանքից ազատ արձակվեց Արթուր Սարգսյանը, ով ժողովրդի մեջ հայտի է որպես «հաց բերող»»,- գրել է Եգորյանը։

Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու մասին հաղորդագրություն է տարածել նաև գլխավոր դատախազությունը․

«Հիմք ընդունելով բժշկական կոնսիլիումի եզրակացությամբ Ա.Սարգսյանի մոտ ախտորոշված հիվանդությունը, որը նվազեցնում է նրա կողմից քննությունից խուսափելու, նոր հանցանք կատարելու հավանականությունը, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը»

***

Հուլիսին Երևանում Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման օրերին Արթուր Սարգսյանը իր մեքենայով սնունդ էր հասցրել գունդը պաշարած «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին։

Սարգսյանը հինգ ամիս գտնվում էր կալանքի տակ, և մեղադրվում է պատանդներ պահելուն և զենք-զինամթերք տեղափոխելուն ու պահելուն օժանդակելու մեջ: Սարգսյանի առողջական վիճակը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում վատացել էր, նա տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, ապա նորից տեղափոխվել «Նուբարաշեն» ՔԿՀ:

Արթուր Սարգսյանի ներկայացուցիչները դիմել էին Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ անհապաղ միջոցներ կիրառելու խնդրանքով, մասնավորապես՝ ՀՀ կառավարությունից պահանջելով ապահովել դիմողի բուժումը։

ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությունից պարզաբանումներ էր պահանջել Արթուր Սարգսյանի առողջական վիճակի վերաբերյալ։

Դեկտեմբերի 14-ին եղբայրը ՍիվիլՆեթին պատմել էր «Հաց բերողի» առողջական ծանր վիճակի մասին․

Մեկնաբանել