Հայկական արվեստ՝ Թեհրանի պատկերասրահում

Հունվարի 6-ին Թեհրանի «Մարիամ» պատկերասրահում բացվել է ժամանակակից արվեստի իրանահայ ներկայացուցիչներ Լիլիթ Թերյանի, Սերժ Ավագյանի, Էդման Այվազյանի, Սիմոն Այվազյանի, Գառնիկ Տեր-Հակոբյանի աշխատանքների ցուցահանդեսը, հաղորդում է Tehran Times-ը:

«Միասնություն» խորագիրը կրող ցուցահանդեսին ներկա է եղել Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը և Թեհրանի քաղաքապետարանի արվեստի և մշակույթի վարչության ղեկավար Մահմուդ Սալահին: Վերջինիս խոսքով՝ Իրանի քրիստոնյա արվեստագետներն իրենց ստեղծագործություններով պատմում են Իրանի պատմությունը: Սալահին շեշտել է, որ «իր հայրենակիցների միջև տարբերություն չի տեսնում»:

«Մենք միասին ենք եղել թնշամու դեմ պայքարում (Իրան-Իրաք), և զոհերի թվում կան նաև իրանցի քրիստոնյաներ»,- նշել է նա:

Իրանցի պաշտոնյան ընդգծել է նաև իրանա-հայկական ներկայիս լավ հարաբերություններն ու երկու կողմերի քաղաքացիների համար այցագրային ռեժիմի վերացումը:

Իրանական լրատվամիջոցները ցուցահանդեսի մասին անդրադարձում նշում են, որ հայկական արվեստն ու մշակույթը համագոյակցում է իրանականի հետ, և այդ համագոյակցության մեջ հայկականն ու իրանականը սնում և ներազդում են միմյանց վրա:

Հաղորդվում է, որ ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունվարի 11-ը:

Իրանական honaronline.ir կայքը հրապարակել է լուսանկարներ ցուցահանդեսից:

Մեկնաբանել