Ուսանողի սպանության մեջ կասկածվողի նկատմամբ մեղադրանք է առաջադվել

ԵՊՀ ուսանողի սպանության մեջ կասկածվողին մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է, այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն:

Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է, որ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նույն համալսարանի, վերջինիս համակուրսեցու նկատմամբ:

«ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ԵՊՀ 1-ին կուրսի ուսանողին` նույն համալսարանի այլ ֆակուլտետի ուսանող Վ.Մուրադյանի սպանության, վերջինիս համակուրսեցի Ռ.Մարտիրոսյանին ծանր մարմնական վնաս պատճառելու համար: Այդ մասին տեղեկացնում են քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:

Հիշեցնենք՝ հունվարի 11-ին՝ ժամը 15.30-ի սահմաններում, «Շտապօգնություն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 28 շենքի բակում գտնվող տաղավարի սեղանին հայտնաբերվել է Վահե Մուրադյանի (ծնված՝1998 թվականի դեկտեմբերին) դին՝ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վնասվածքով, իսկ մեկ այլ երիտասարդ՝ Ռաֆֆի Մարտիրոսյանը (ծնված 1999 թ. մարտին), «ձախ սրունքի առաջնային մակերեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ, նույն հասցեից տեղափոխվել է «թիվ 1 համալսարանական հիվանդանոց»:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի և 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է տեղի ունեցած հանցագործությունը. փաստական տվյալներ են ձեռք բերվել վիճաբանության մասնակիցների շրջանակի վերաբերյալ, որի ժամանակ Վ.Մուրադյանին պատճառվել է կյանքի հետ անհամատեղելի, իսկ Ռ.Մարտիրոսյանին` ծանր մարմնական վնաս, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` ԵՊՀ առաջին կուրսի ուսանողին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի և 112-րդ հոդվածի 1-ին մասերով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան` նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Նրա բնակության վայրում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է մոխրագույն ծալովի դանակ. կասկածյալի հայտարարության համաձայն` նշված դանակով է հարվածներ հասցրել Վ.Մուրադյանին և Ռ.Մարտիրոսյանին:

Նշվում է, որ նախաքննությունը շարունակվում է: Էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական, դատակենսաբանական փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռևս չեն ստացվել:

Նկատենք, որ սպանված ուսանող Վահե Մուրադյանը նաև «Թումո»-ի ուսանող էր ու մեծ հետաքրրքություն ներկայացրած սթարթ-ափ ծրագրերի հեղինակ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել