Յանդեքսը Վանաձորում ծրագրավորման դպրոց կբացի

Յանդեքս ընկերությունը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում ծրագրավորման դպրոց է բացում: Սա այն երեխաների համար է, որոնք ցանկանում են ձեռք բերել ծրագրավորման հմտություններ:

«Հունվարի 20-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի կունենա Յանդեքս ընկերության Ծրագրավորման դպրոցի բացումը: Այն Յանդեքս ընկերության և Enterprise Incubator Foundation հիմնադրամի համատեղ նախագիծն է 9-11-րդ դասարանների աշակերտների համար, որոնք ցանկանում են ձեռք բերել ծրագրավորման հմտություններ:

Յանդեքս ընկերության Ծրագրավորման դպրոցի ուսուցման ծրագիրը մշակվել է Յանդեքսի Տվյալների վերլուծության դպրոցում և նախատեսված է մեկ տարվա համար: Այդ ընթացքում երեխաները կհասցնեն յուրացնել Python ծրագրավորման լեզվի հիմունքները և փորձել իրենց ուժերը փոքր նախագծերում: Ստացված գիտելիքները հնարավոր կլինի կիրառել ոչ միայն ծրագրավորողի աշխատանքում, այլև կյանքի տարբեր բնագավառներում:

Մրցույթի արդյունքում ընտրվել է 28 երեխա: Դասընթացները կանցկացվեն շաբաթը երկու անգամ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում:

Հայաստանում սա Յանդեքսի առաջին նմանատիպ նախագիծն է: Ռուսաստանում ընկերությունը համագործակցում է դպրոցների և բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ, ինչպես նաև աջակցում է տարբեր կրթական ծրագրերի զարգացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել