Նալբանդյանը և Ֆրանկֆոնիայի գլխավոր քարտուղարը խոսել են Հայաստանում կայանալիք գագաթնաժողովի մասին

Հունվարի 25-ին Փարիզում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանի հետ։ Հանդիպման ընթացքում նրանք խոսել են 2018թ. Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների մեկնարկի մասին։

«Էդվարդ Նալբանդյանը Միկաել Ժանին տեղեկացրեց, որ Հայաստանում ամենայն պատասխանատվությամբ են մոտենում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը հյուրընկալելու հանձնառությանը, և այդ հարցը ներառված էր դեկտեմբերին կայացած ՀՀ Նախագահին կից Ազգային անվտանգության խորհրդի նիստի օրակարգում, որի արդյունքներով պետության ղեկավարը հանձնարարեց ստեղծել գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով։

Զրուցակիցները քննարկեցին գագաթաժողովի անցկացման հնարավոր ժամկետները, հանգամանալից անդրադարձ կատարեցին գագաթաժողովի բովանդակային և կազմակերպչական բազմաթիվ հարցերի։

Էդվարդ Նալբանդյանն ու Միկաել Ժանը պայմանավորվածություն ձեռք բերեցին առաջիկայում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի նախապատրաստական խմբի առաջին առաքելության Երևան այցի մասին։

Հանդիպմանն անդրադարձ արվեց անցյալ նոյեմբերին Անտանանարիվուում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի արդյունքներին, ընդունված որոշումների իրագործման ընթացքին, մտքեր փոխանակվեցին ՖՄԿ գործունեության տարբեր ուղղությունների շուրջ»,- ասվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել