Արգենտինահայերը դեմ են հանդես եկել Չավուշօղլուի՝ իրենց երկիր այցին

Արգենտինայի հայկական համայնքի կառույցները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում դեմ են հանդես գալիս Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի այցին Հարավային Ամերիկա և Արգենտինա։

«Չավուշօղլուն ոչ միայն մարդկության դեմ հանցանք գործած պետության ներկայացուցիչն է, այլև Թուրքիայի կողմից պատմականորեն որդեգրված ժխտողական քաղաքականության «կատարող ձեռքը»,- Prensa Armenia գործակալության փոխանցմամբ՝ ասված է հայտարարությունում։ – Չավուշօղլուն իր աշխատանքը նվիրել է նրանց նվաստացմանը, ովքեր ճանաչում են կամ անգամ հիշատակում Հայոց ցեղասպանությունը, ինչպես Ռուսաստանի, Եվրախորհրդարանի, 2015թ․ Վատիկանի և 2016թ․՝ Գերմանիայի ու ԱՄՆ-ի դեպքում էր»։

Հեղինակները Չավուշօղլուին և Թուրքիային մեղադրում են երկակի չափանիշներ կիրառելու մեջ. նրանք քննադատում են միայն այն հայտարարությունները, որոնք «նպաստավոր» չեն Թուրքիայի համար և լռում են, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսում է «հայկական ստերից»։

Արգենտինահայերի համոզմամբ՝ արտաքին գործերի նախարարի պաշտոնում Չավուշօղլուի աշխատանքը հանգում է միայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակարգի՝ ինքնաարտահայտման ազատության նկատմամբ «գրաքննության մոդելի արտահանմանը»։

Մեկնաբանել