Նալբանդյանը պնդում է՝ Բաքուն լրիվ մեկուսացման մեջ է մնացել ԵԱՀԿ-ում

Երեկ կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մանրակրկիտ պարզաբանել է ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի շուրջ ծավալվող իրադարձություններին և այս հարցում Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշմանը։ Նալբանդյանի խոսքով՝ հիմա Ադրբեջանը, փաստորեն, դուրս է գալիս ոչ միայն ԵԱՀԿ-ի մեկ ծրագրի, այլ ամեն ինչի դեմ: ԱԳ նախարարի պատասխանը՝ ստորև։

Այցելությունը Վիեննա մեր նախաձեռնությունն էր, և իմ առաջարկն էր հանդիպումներ ունենալ Ավստրիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Սեբաստիան Կուրցի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ: Կարծում եմ՝ այդ հանդիպումները բավականին կարևոր և կառուցողական հանդիպումներ էին, որոնք անցան փոխըմբռնման մթնոլորտում, իսկ արդյունքներն էլ ակնհայտ դարձան հենց նույն օրը, որովհետև կայացավ Մշտական խորհրդի նիստ, որի ընթացքում նախագահող երկիր Ավստրիան որոշ մանրամասներ ներկայացրեց այս ամբողջ զարգացումների վերաբերյալ։

Ասվեց, որ ադրբեջանական կողմը, չասվեց Ադրբեջանը, ասվեց՝ «մի երկիր», բայց բոլորի համար պարզ էր, թե ում մասին է խոսքը գնում՝ «на воре шапка горит»: Հատկապես որ Ադրբեջանի դեսպանն այնպես դրսևորեց իրեն, որ որևէ մեկը կասկած էլ չուներ, որ դա Ադրբեջանն է, ասաց, որ Ադրբեջանը մտահոգություններ ուներ, որ ԵԱՀԿ գրասենյակը զբաղվում է գործունեությամբ, որը չի համապատասխանում իր մանդատին։ Պատրվակն այն էր, թե իբր ԵԱՀԿ երևանյան գրասենյակը զբաղվում է, այսպես կոչված, ականազերծման մի ծրագրով, որը հակասում է գրասենյակի մանդատին։ Իրականում ոչ թե ականազերծման ծրագրի մասին է խոսքը, այլ ականազերծման շուրջ իրազեկվածության բարձրացման կրթական մի փոքր ծրագրի։ ԵԱՀԿ-ի համար դա փոքր ծրագիր է, ընդամենը՝ 25 հազար եվրո, 3-4 անձ պետք է այդ ուղղությամբ վերապատրաստվեն։

ԵԱՀԿ-ն ստիպված էր տարածաշրջան ուղարկել մի առաքելություն, որը եկավ այստեղ, մանրակրկիտ ուսումնասիրեց այդ հարցը, վերադարձավ Վիեննա և զեկույց ներկայացրեց՝ եզրակացնելով, որ ադրեջանական պնդումները չեն համապատասխանում իրականությանը. ԵԱՀԿ գրասենյակը գործում է համապատասխան այն մանդատին, որը հաստատվել և տրվել է ԵԱՀԿ գրասենյակին։ Չնայած դրան՝ Ադրբեջանը շարունակում էր դեմ դուրս գալ: Ապա Ադրբեջանը գնաց ավելի հեռու։ Ասաց, որ այդ գրասենյակը պետք է չզբաղվի որևէ գործունեությամբ, որը վնաս է հասցնում Ադրբեջանի անվտանգությունը։ Այսինքն՝ 17 տարի է՝ այդ գրասենյակը գործել է, չի վտանգել, հիմա հանկարծ սկսեց վտանգել։

Ուզում եմ հստակություն մտցնել. խոսքը գնում է ոչ թե Հայաստանի գրասենյակի, այլ Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի մասին: Փաստորեն, Ադրբեջանը, դուրս գալով ԵԱՀԿ գրասենյակի դեմ, դուրս է գալիս ԵԱՀԿ-ի դեմ: Քննադատելով այս գրասենյակի գործունեությունը, փաստորեն՝ մեղադրում է ԵԱՀԿ-ին, թե այն սպառնում է Ադրբեջանի անվտանգությանը: Միաժամանակ, Ադրբեջանը պահանջում էր, որ ԵԱՀԿ գործող նախագահողը դրա մասին հայտարարություն անի։ Ի՞նչ եք կարծում, դա տրամաբանակա՞ն էր:

Ադրբեջանի պնդումները բացահայտ սուտ էին։ Ավստրիայի նախագահությունը Մշտական խորհրդում իր ուրբաթօրյա ելույթի ընթացքում հայտարարեց, որ ԵԱՀԿ-ի թե նախորդ, թե ներկա նախագահողները միանգամայն պաշտպանում են հիշատակված զեկույցի եզրահանգումները։ Եվ կոչ արեցին բոլոր երկրներին աջակցել գրասենյակի գործունեությանը: Եվ ասացին, որ այս պայմաններում, երբ Ադրբեջանը շարունակում է դեմ լինել, իսկ Դուք գիտեք, որ ԵԱՀԿ-ն այն կառույցներից է, որը գործում է կոնսենսուսի սկզբունքով, այսինքն՝ եթե անգամ մեկ երկիր դեմ է հանդես գալիս, որոշումն ընդունելն անհնար է դառնում: Եվ այդ պատճառով առաջարկվեց ձեռնպահ մնալ այդ ականազերծման ծրագրի իրագործումից։ Իհարկե, դա առաջարկվում էր ոչ թե Հայաստանին, այլ գրասենյակին, որովհետև, նորից եմ ասում, դա Հայաստանը չի անում, այլ՝ գրասենյակը: Այդ ծրագիրը մեր գաղափարը չէր, մեր առաջարկը չէր. իրենցից էր գալիս։ Տրամաբանորեն, ավստրիական նախագահությունն ակնկալում էր, որ Ադրբեջանն այդ պարագայում պատճառ չի ունենա ասելու, որ դեմ է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությանը: Մենք էլ համաձայնեցինք, ասացինք, որ, այո, թող ձեռնպահ մնան այդ ծրագրի իրականացումից։

Նախագահող երկիրը հատուկ հայտարարություն արեց՝ նշելով, որ բարձր են գնահատում Հայաստանի շատ կառուցողական մոտեցումն այս հարցում: Քանի որ Ադրբեջանի ներկայացուցիչն ընկավ բավական խայտառակ մեկուսացման մեջ, վայնասուն բարձրացրեց՝ ասելով, որ այդ գրասենյակը, այո, վտանգում է Ադրբեջանին՝ առանց գիտակցելու կամ գիտակցելով, որ իր մեղադրանքն ուղղված է հենց ԵԱՀԿ-ի դեմ։

Իմիջիայլոց, Դուք երևի գիտեք, որ Ադրբեջանը փակել է ԵԱՀԿ գրասենյակը Բաքվում։ Եվ Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակը միակն է տարածաշրջանում: Ադրբեջանի այս դժգոհությունների իրական պատճառն այն է, որ մեր երկրին միշտ օրինակ են բերում, որ Հայաստանը ընդունում է ԵԱՀԿ-ի միակ գրասենյակը, լավագույն ձևով համագործակցում է այդ գրասենյակի հետ բոլոր հարթություններով, այդ թվում՝ այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են մարդու իրավունքները, խոսքի ազատությունը, ընտրությունների հետ կապված գործընթացները և այլն։

Իսկ ի՞նչ է իրավիճակը Ադրբեջանում. խայտառակություն։ Իրենք իրենց ափսեի մեջ չէին զգում, քանի որ իրենց համար ինչ որ Հայաստանին լավ է, մահ է Ադրբեջանին: Այսպիսի փորձերով հանդես եկան, բայց հայտնվեցին խայտառակ մեկուսացման մեջ:

Ի դեպ, նախագահող երկիրը հայտարարեց նաև, որ մի շարք երկրներ պատրաստակամություն են հայտնել աջակցել ականազերծման հիշատակված այդ ծրագրի իրականացմանը։ Ադրբեջանի ներկայացուցիչն ասաց, որ բոլոր այն երկրները, որոնք կաջակցեն այդ ծրագրի իրականացմանը, դա ոչ բարեկամական քայլ կդիտարկվի իրենց կողմից:

Իմիջիայլոց, Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Եվրոպական միությունը, Շվեյցարիան և Կանադան հայտարարեցին, որ աջակցում են ԵԱՀԿ գրասենյակի գործունեությանը Երևանում, ինչպես նաև բարձր են գնահատում մեր կառուցողական դիրքորոշումը: ԵԱՀԿ գործող նախագահը նաև հատուկ նշեց, որ, երբ ասում էր, որ իրենք առաջարկում են ձեռնպահ մնալ այդ ծրագրից, միաժամանակ ընդգծում է, որ բոլոր այլ ծրագրերը պետք է շարունակեն իրականացվել։

Հիմա Ադրբեջանը, փաստորեն, դուրս է գալիս ոչ միայն այդ մեկ ծրագրի, այլ ամեն ինչի դեմ: Ադրբեջանը պատռեց իր դիմակը, չնայած դիմակ հագնելու կարիք էլ չկար։ Բոլորը հասկանում էին, թե ինչ է տեղի ունենում: Բաքուն մնաց լրիվ մեկուսացման մեջ նաև այս կառույցում։ Չնայած, եթե իրանց լսես, բոլորն իրենց աջակցում են, իրենց կողքին են:

Մեկնաբանել