Սեյրան Օհանյան․ «Հերի՛ք է հանդուրժել, երբ երկրի ողջ ռեսուրսները կենտրոնացած են փոքրաթիվ մարդկանց ձեռքում»

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հերթական գրառումն է արել Ֆեյսբուքում՝ կոչ անելով «ճեղքել մեր ազատությանն ու արդարությանը խոչընդոտող բոլոր արգելքները»: Նա, մասնավորապես, խոսել է ուուցիչների, բժիշկների, գիտաշխատողների համար արժանապատիվ և բարեկեցիկ կենսամակարդակ ապահովելու մասին։

«Ուսուցիչներն ու դասախոսները, բժիշկներն ու գիտաշխատողները, մտավորականներն ու արվեստագետները, շինարարն ու հողագործը, թվում է, հաշտվել են իրականության հետ, և պետությունը, իմ տպավորությամբ, կարծես չի արժևորում նրանց պարկեշտությունը, օգտվում է այն հանգամանքից, որ տարիների ընթացքում մեզ մոտ այդպես էլ չձևավորվեցին աշխատող մարդու իրավունքների պաշտպանության գործուն ինստիտուտներ, իսկական արհմիություններ: Հերոսներին չափից ավելի անհատականացնել նշանակում է կողոպտել նրանց հանրային հատկանիշները. հերոսները պետք է բնութագրվեն այն միջավայրում, որտեղ նրանք հերոսացել են: Եվ իրականության մեջ հերոս են այն կոլեկտիվները, որոնք հերոսներ են ծնում:

Պետությունը պարտավոր է լուծումներ գտնել նրանց կատարած աշխատանքի դիմաց համարժեք կենսամակարդակ, արժանապատիվ և բարեկեցիկ ապագա ապահովելու համար: Նպատակային և խնայողաբար օգտագործելով պետական բյուջեի թեկուզ սուղ միջոցները՝ հնարավոր է այս ուղղությամբ փոքր քայլերով, բայց հետևողական բարեփոխումներ իրականացնել: Միևնույն ժամանակ պետք է գտնել ֆինանսավորման այլ մեխանիզմներ, այլ ճանապարհներ:

Չի կարելի այլևս հանդուրժել այն անարդարությունը, այն սոցիալական իրավիճակը, որում ապրում է երկրի կրթագիտական, սոցիալական շերտը: Երկրում պետք է գործեն սոցիալական արդարության, հավասարության մեխանիզմները: Բևեռացումը, որ կա հայ հասարակության մեջ, հասել է անթույլատրելի չափերի:

Մեզ ջրի պես ազատություն է պետք, հացի պես՝ արդարություն…»,- գրել է նախկին պաշտոնյան, որն այսօր գործունեություն է ծավալում ընդդիմադիր դաշտում։

Մեկնաբանել