Ադրբեջանը հրանոթ է կիրառել Լեռնային Ղարաբաղի հյուսիսում

Ադրբեջանը հրանոթ է կիրառել Լեռնային Ղարաբաղի հյուսիսի հայկական մարտական դիրքերի նկատմամբ։ ԼՂՀ ՊԲ-ն հայտարարել է, որ կարող է դիմել ոչ համարժեք քայլերի։ Հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով ՊԲ-ն կորուստներ չունի:

Ադրբեջանական զինուժը այսօր ժամը 17:00-ից 18:50-ն ընկած ժամանակահատվածում իր բնակավայրերի մերձակայքում տեղակայված կրակային հենակետերից 85 մմ-ոց Դ-44 տիպի հրանոթներից ուղիղ նշանառությամբ արկակոծության է ենթարկել ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերը: Այդ մասին հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը: Արևելյան և հյուսիսային ուղղություններով ադրբեջանական զինուժը կիրառել է տարբեր տրամաչափի ականանետեր: Այս պահի դրությամբ, հրանոթներից և ականանետերից, ընդհանուր առմամբ, արձակվել է 46 արկ, որից 22-ը հրանոթներից, 24-ը՝ ականանետերից:

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Ադրբեջանի կողմից ձեռնարկված սադրիչ գործողությունների և դրանց հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է պաշտոնական Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարության վրա: Նման սադրանքերի շարունակականության դեպքում ԼՂՀ պաշտպանության բանակն, Արցախի պետական սահմանների անվտանգությունն ապահովելու նպատակով, իրեն իրավունք է վերապահում դիմելու ոչ համարժեք քայլերի»,- նշված է ՊԲ հաղորդագրությունում:

Մեկնաբանել