ԱԺ պատգամավորները պահանջում են հետ կանչել Բելառուսում ՀՀ դեսպանին

Ազգային ժողովի պատգամավորներն այսօրվա նիստում անդրադարձել են Բելառուսի կողմից հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնմանը: Նրանք Աժ ամբիոնից կոշտ մեղադրանքներ են հնչեցնում՝ մինչև իսկ պահանջելով հետ կանչել Բելառուսում ՀՀ դեսպանին և սառեցնել անդամակցությունը ՀԱՊԿ-ին:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` որպես հայ- բելառուսական հանձնաժողովի համանախագահ, Բելառուսի այս քայլը որակեց խայտառակություն. «Այս քայլը նաև Ռուսաստանի ու Հայաստանի դեմ է»:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը առաջարկով հանդես եկավ, այսօր ժամը 15:00-ին հավաքվել Հայաստանում Բելառուսի դեսպանատան դիմաց և հայտնել կոշտ դիրքորոշում:

«Սա իր քաղաքական նշանակությամբ հավասար է Հունգարիայի կողմից Ռամիլ Սաֆարովին արտահանձնելուն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Որոշ պատգամավորներ պահանջեցին սառեցնել ՀԱՊԿ անդամակցությունը, հետ կանչել Բելառուսում Հայաստանի դեսպանին:

«Աննախադեպ լկտիություն է և ցինիզմ, այստեղ ամենամեծ անելիքն ունի Հայաստանի Հանրապետությունը, եթե իրեն համարում է արժանապատիվ պետություն, լավ կլինի, որ սառեցնենք մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ում, հետ կանչենք մեր դեսպանին»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորներն առաջարկեցին վեց խմբակցություններով դատապարտող տեքստ պատրաստել և հայտարարություն տարածել:

«Երեկ բոլորս տեսանք, թե ինչպես մեր բարեկամ Բելառուսը հայտնի բլոգերին անօրինական արտահանձնեց մեր հակառակորդ Ադրբեջանին: Սա մարդու ազատ խոսքի իրավունքի խախտում է, նրան մեղադրում են Արցախ այցելելու և իր մտքերը տեսակետները հնչեցնելու համար: Մենք չպետք է բավարարվենք այստեղ կամ այնտեղ խոսելուց, Ազգային ժողովն իր դիրքորոշումը պետք է հայտնի»,- նշեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:

Ի տարբերություն մնացած պատգամավորների կարծիքների՝ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, նշեց, որ պետք չէ հապշտապ որոշումներ կայացնել.

«Ավելի լուրջ մտայնություններ են պետք և դա էդպես սովորական խնդիր չէ, և առաջիկայում որոշակի ուղերձներ կլինեն այդ ուղղությամբ»:

Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է 2016-ի դեկտեմբերին Մինսկում՝ Ադրբեջանի պահանջով, որտեղ նա ներառված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելության համար։

Փետրվարի 7-ի երեկոյան Բելառուսը Ադրբեջանին արտահանձնեց բլոգեր Ալեքսանդր Լապշինին:

Մեկնաբանել