Մեքսիկայում բազմահազարանոց ցույցեր են Թրամփի դեմ

Մեքսիկայում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ բողոքելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներգաղթի քաղաքականության և ԱՄՆ-Մեքսիկա սահմանի երկայնքով 2000 մղոն ձգվող պատ կառուցելու ծրագրի դեմ։

BBC-ի փոխանցմամբ՝ ավելի քան մեկ տասնյակ մեքսիկական քաղաքներում սպիտակ հագուստներով ցուցարարները ծածանում էին Մեքսիկայի դրոշն ու հակաթրամփյան պաստառներ, նպատակ ունենալով ուղերձ հղել՝ Մեքսիկան միավորված է Թրամփի դեմ։ Պաստառներից մեկի վրա գրված էր. «Շնորհակալություն, Թրա՜մփ, Մեքսիկան համախմբելու համար»։

Ցուցարարները քննադատում են նաև Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոյին՝ կոռուպցիայի դեմ պայքարում ու բռնության նվազեցման ձախողման մեջ։

Ցուցարարներից մեկի կարծիքով՝ Թրամփի ներգաղթի քաղաքականությունը «սպառնալիք է համաշխարհային հանրության համար»։ «Չպետք է մոռանալ, որ ամերիկյան հասարակությունը ստեղծվել է ներգաղթյալներից, և դա դեռ շարունակվում է», – ասել է նա:

Թրամփի՝ Մեքսիկայի սահմանի երկայնքով պատ կառուցելու ծրագիրը առաջացրել է մեքսիկացիների զայրույթը, իսկ նախագահ Նիետոն հետևողականորեն հրաժարվել է անսալ ԱՄՆ նախագահի պահանջներին՝ վճարել պատի համար. «Մեքսիկան պատերի չի հավատում»։

Մեկնաբանել