Էդմոն Մարուքյանը կգլխավորի «ԵԼՔ»-ի համամասնական ցուցակը

Այսօր «ԵԼՔ» դաշինքի մեջ մտնող կուսակցությունների խորհուրդների և վարչության փակ գաղտնի քվեարկության արդյունքում որոշվեց դաշինքի համամասնական ցուցակի եռյակը։ Ըստ այդմ՝ եռյակը գլխավորում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը, երկրորդ տեղում է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, երրորդ տեղում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։

Քվեարկության արդյունքների ամփոփման ընթացքում դաշինքի անդամները պատասխանեցին լրագրողների հարցերին։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դաշինքի հայտը իշխանափոխությունն է, նվազագույնը՝ հակակշիռ 6-րդ գումարման Ազգային ժողովում։

«Նվազագույնը հակակշիռ, առավելագույնը՝ իշխանափոխություն»,- ասաց էդմոն Մարուքյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց մյուս դաշինքների հետ համագործակցելու «Ելք»-ի պատրաստակամության մասին հարցին։

«Դաշինքները խնդիր ունեն ապացուցելու՝ ով են, ի՞նչ կոորդինատ ունեն քաղաքական դաշտում, ի՞նչ է նրանց ուզածը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են մեկնաբանում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հայտարարությունը, թե պատրաստ են համագործակցել հետընտրական փուլում։ Նա կրկնեց, որ պետք հասկանալ՝ ինչ նկատի ունեն, երբ ասում են, որ ընդդիմադիր են։

Հարցադրմանը, թե «Ելք»-ի հայտարարությունների նպատակը, կարծես, հակաքարզոչությունն է մյուս դաշինքների դեմ, Փաշինյանը հակադարձեց, որ իրենց «թիրախը Սերժ Սարգսյանն է և վարչախումբը»։

«Որո՞նք են եղել տարաձայնությունները «Ժառանգության» հետ» հարցին Փաշինյանը պատասխանեց․ «Ժառանգությունը հրավիրել ենք նույն պայմաններով, ինչ որ ինքներս ենք ընդգրկվել։ Ոչինչ մեզնից պակաս չենք առաջարկել։ Նրանք ընտրեցին այլ ճանապարհ։ Տեսնում ենք, որ ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը [Զարուհի Փոստանջյանը – ՍիվիլՆեթ] այդ որոշումը չի կիսում, և մենք ցավում ենք այդ որոշման համար։ Այդ մասով հրապարակային պարզաբանումներ հնչել են»։

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ եթե ստանան քվեն, «փոփոխությունները չեն կարող տեղի չունենալ»։

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն էլ ասաց, որ մինչ մյուս դաշինքները առաջարկում են դաշինք՝ նպատակի շուրջ, իրենք առաջարկում են դաշինք գաղափարի շուրջ։

«Իշխանափոխության գաղափարով նպատակը երբեք չի աշխատել և ես այն լուրջ չեմ ընդունում, ես ինքս այդ սխալը արել եմ և հանրությունից ներողություն եմ խնդրել, որ գնացել եմ այդ սխալ ճանապարհով»,- ասաց Սարգսյանը։

Նա նշեց, որ գործող իշխանությունը մշտապես ունեցել է հաճախորդ կուսակցություններ, որոնք համապատասխան պահի դուրս են եկել դաշինքից և դրանք պայթել են։

***

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն «ԵԼՔ դաշինք» անվանումով։

Մեկնաբանել