Լրագրությունը հանցանք չէ․ Հասան Ջեմալը՝ իրեն դատապարտելու մասին

Թուրք հայտնի լրագրող Հասան Ջեմալը «ահաբեկչության քարոզչության» մեղադրանքով դատապարտվել է մեկ տարի և երեք ամիս պայմանական ազատազրկման, հաղորդում է Hurriyet Daily News-ը։ Ջեմալի դեմ հետապնդումը պայմանավորված է 2016թ․ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) առաջատար դեմքերից մեկի հետ հարցազրույցով, որը կրել էր «Ֆեհման Հյուսեյն» վերնագիրը։

«Ես լրագրությամբ եմ զբաղվում 47 տարի։ Առաջին անգամ է, որ դատապարտվում եմ հոդվածներիս ու գրքերիս համար,- դատական նիստին ասել է Ջեմալը։ – Ես երբեք չեմ պաշտպանել ահաբեկչությունը։ Ես երբեք ահաբեկչության քարոզչության գործիք չեմ եղել։ Ես մշտապես պաշտպանել եմ ազատությունը, իսկ լրագրությունը հանցանք չէ։ Չկա օրենք, ազատություն և ժողովրդավարություն մի հասարակությունում, որտեղ լրագրությունը հանցանք է»։

Մենք վերածվում ենք միաձայն մի հասարակության, որը ենթարկվում է պալատի սուլթանին․ Հասան Ջեմալ

Փետրվարի 15-ին Т24 կայքում լույս տեսած հոդվածում Ջեմալը գրում է․ «Ապրում ենք այնպիսի մի երկրում, որ նույնիսկ ահաբեկիչ է թե՛ «Ո՛չ» ասողը [սահմանադրական հանրաքվեին – ՍիվիլՆեթ], թե՛ հոդված գրողը։

Էրդողանը հանրաքվեին «Ո՛չ» ասողին հռչակում է ահաբեկիչ, իսկ դատարանը լրագրողին ահաբեկչության մեջ մեղադրելով՝ բանտարկում է։

Ես ասում եմ՝ լրագրությունը հանցանք չէ։ Այնտեղ որտեղ դատապարտում են լրագրողին, չի կարող լինել ազատություն, օրենք, ժողովրդավարություն։

Եթե քուրդ լրագրողները ազատ չեն, թուրք լրագրողներն էլ չեն կարող ազատ լինել։

Չեմ կարող անտարբեր մնալ քրդական տարածաշրջանում տեղի ունեցող ցավին, թափվող արյանը, արցունքին։

Մենք վերածվում ենք միաձայն մի հասարակության, որը ենթարկվում է պալատի սուլթանին։

Առանց պալատական իշխանությանը վերջ տալու, առանց տարիներ ի վեր Թուրքիայի հիմնական խնդրի՝ Էրդողանի հարցը լուծելու Թուրքիայի առջև դեպի խաղաղություն, կայունություն և ժողովրդավարություն տանող ճանապարհները չեն բացվելու»։

Ջեմալը՝ «Սարն ի վեր»-ի մասնակից

Հասան Ջեմալը հայտնի լրագրող և գրող է։ Նա Երկար տարիներ աշխատել է որպես Թուրքիայի առաջատար թերթերի խմբագիր և սյունակագիր, մասնավորապես՝ եղել է «Ջումհուրիյեթ» (Հանրապետություն) օրաթերթի գլխավոր խմբագիրը, «Սաբահ» (Առավոտ) և «Միլլիյեթ» (Ազգ) օրաթերթերի գլխավոր սյունակագիրը։

2012 թ. Ջեմալը տպագրել է իր «1915. Հայոց ցեղասպանություն» գիրքը՝ նկարագրելով իր անձնական փոխակերպումը մարդուց, որը մերժում էր Հայոց ցեղասպանությունը, մարդու, որն ընդունում է այն։ Հասան Ջեմալը Հայոց ցեղասպանության իրագործողներից մեկի՝ Ջեմալ Փաշայի թոռն է։

2014թ․ դեկտեմբերին Հասան Ջեմալը մասնակցել էր Սիվիլիթաս հիմնադրամի «Սարն ի վեր» նախագծի միջոցառմանը։

Մեկնաբանել