ԵԼՔ-ին Հայրիկյանի միանալը «անհնար է և ժամանակավրեպ»

ԵԼՔ դաշինքը Պարույր Հայրիկյանի՝ իրենց միանալը համարում է տեխնիկապես անհնար և ժամանակավրեպ։

ԵԼՔ դաշինքի համահիմնադիր, Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել, որ Պարույր Հայրիկյանի «Ազգային Ինքնորոշում» (ԱԻՄ) կուսակցությունը ուղերձ է հղել իրենց՝ ցանկություն հայտնելով ընդգրկվել դաշինքի կազմում:

«Հաշվի առնելով ժամանակի սղությունը պայմանավորված այն հանգամանքով, որ 2017թ․ փետրվարի 16-ը սահմանված է որպես վերջնաժամկետ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ցուցակների ներկայացման համար, գոյություն ունեն մի շարք տեխնիկական խոչընդոտներ, որոնք անհնար են դարձնում դաշինքային փոխհարաբերությունների ձևավորումը և դաշինքի կազմում նոր ուժի ընդգրկումը:

Այսուհանդերձ, մենք պատրաստակամ ենք եղել ԵԼՔ դաշինքի կազմում ռեյտինգային ընտրակարգով ներառել ԱԻՄ ներկայացուցիչներին, որի մասին կատարել ենք առաջարկ, ինչը մերժվել է: Հաշվի առնելով վերոգրյալը՝ համագործակցության առաջարկը համարում ենք տեխնիկապես անհնար և ժամանակավրեպ»,- գրել է Էդմոն Մարուքյանը:

Անցյալ ամիս Պարույր Հայրիկյանը, ինչպես նաև Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ․Սարգսյանը հայտարարեցին նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կողմից ձևավորվող դաշինքին միանալու մասին։ Սակայն անցյալ շաբաթ Հայրիկյանը և Սարգսյանը հայտարարեցին, որ դադարեցնում են իրենց համագործակցությունը Օսկանյան-Օհանյան խմբի հետ։

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Մեկնաբանել