Սահմանադրական հանրաքվեն որևէ կերպ չի նախավճռում ԼՂ վերջնական կարգավիճակը․ Մինսկի խումբ

Փետրվարի 16-ի երեկոյան Մյունխենում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էlմար Մամեդյարովի հանդիպումը, որին նախորդել են ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդիպումները նախարարների հետ։ Հանդիպումից հետո Մինսկի խումբն այսօր հայտարարություն է տարածել։

Մինսկի խումբը վերահաստատում է, որ «խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա, և պատերազմը տարբերակ չէ»։ Միջնորդները կոչ են անում կողմերին զսպվածություն ցուցաբերել տեղանքում և հրապարակային հայտարարություններում և բնակչությանը նախապատրաստել խաղաղության, ոչ թե պատերազմի։ Համանախագահները նաև կոչ են անում խստորեն հետևել 1994-95 թթ․ զինադադարի համաձայնագրերին, որոնք ռազմական գործողությունների դադարեցման հիմքն են հանդիսանում։

Մինսկի խումբն իր հայտարարությունում անդրադարձել է նաև փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղում կայանալիք սահմանադրական հանրաքվեին։

«Համանախագահները տեղյակ են Լեռնային Ղարաբաղում 2017թ․ փետրվարի 20-ին տեղի ունենալիք այսպես կոչված սահմանադրական հանրաքվեի մասին։ Համանախագահները նկատի են առնում Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների տեսակետը, որ նման գործընթացը բնակչության հանրային կյանքը կազմակերպելուն է ուղղված, բայց կրկին ընդգծում են, որ որևէ երկիր, այդ թվում՝ Ադրբեջանը և Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը չեն ճանաչել անկախ և ինքնիշխան երկիր։ Հետևապես, համանախագահները չեն ընդունում փետրվարի 20-ի հանրաքվեի արդյունքների ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի վրա։ Համանախագահները նաև շեշտում են, որ հանրաքվեի ելքը որևէ կերպ չի նախավճռում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ ընթացիկ բանակցությունների արդյունքը, որոնց նպատակն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար գտնել տևական և խաղաղ լուծում»։

Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտին տարածաշրջան կայցելեն մարտին։

Մեկնաբանել