Հաց բերողը «պետք է մեռնի»

Կա՞ գոնե մեկ բանական պատճառ «Հաց բերողին» կալանքի տակ պահելու համար: Եթե քո՝ իշխանության, նախընտրական կարգախոսի մեջ կա «անվտանգություն» բառը, ուրեմն, բանական պատճառն էլ կա: Որովհետև, եթե էդ «անվտանգությունն» ինձ՝ Սերժ Սարգսյանին չի ենթադրում, ուրեմն ի՞նչ իմաստ ունի ընդհանրապես հայերենում էդ բառը:

Իշխանությունը չի սիրում պատժել մեղավորին: Պատժելով ինքը ոչինչ չի ապացուցի: Շատ տրամաբանական է մեղավորին պատժելը: Դա իրերի ընդհանուր կարգի մեջ է: Մարդիկ դրա վրա չեն էլ նայի՝ բա, իհարկե, պետք է պատժի, ինքն իր գործն է անում, մենք կանհանգստանայինք, եթե չպատժեր: Բայց՝ ոչ: Ուրեմն, ի՞նչ անել, որպեսզի դու՝ իշխանությունդ, ուժ ցույց տաս: Բնականաբար պետք է պատժես անմեղին: «Անմեղ» և «պատիժ» բառերն իրերի ընդհանուր կարգի մեջ չեն: «Պատիժ» բառն ընդհանրապես որևէ կարգի մեջ չէ, եթե դու ունես եկեղեցի, որը քեզանով զբաղվում է, ասենք, Աստծո անունից:

Նույնիսկ Արփինե Հովհաննիսյանը գիտի, որ «Հաց բերողը» կալանքի ենթակա ոչինչ չի արել գոնե երկրորդ անգամ: Ուրեմն, բան ունեն ասելու: Այսինքն, վախեցնելու: Այսինքն, հիշեցնելու, որ «պետություն» և «խիղճ» բառերի համադրությունը ֆնդխություն է: Իբր թե, մարդիկ չեն դատում Արթուր Սարգսյանին, Սերժ Սարգսյանը նույնիսկ տեղյակ էլ չէ, այլ՝ օրենքն է պահանջում: Իսկ օրենքը զոհեր չունի: Մարտի 1-ի գործը քնած է Սերժ Սարգսյանի «խղճի» մեջ, փոխարենն այդ մարդը բացել է «Հաց բերողի» գործը, որպեսզի հասկանանք, որ երբ կա իշխանություն պահելու խնդիր, բոլորը պետք է պատրաստ լինեն զոհաբերվելու: Ի՞նչ է ընտրակաշառքը՝ ընտրողի զոհաբերությունը իշխանության պահպանմանը:

Բայց ցանկացած զոհաբերության մեջ կա անմեղին իր անմեղությունը թողնելու գուցե չգիտակցված մղումը: Սա մեր իշխանության «հագով» չէ: Ինքը գերադասում է ահաբեկչությունը: Ցանկացած ահաբեկիչ սպանում է այն հստակ համոզմամբ, որ զոհը մեղավոր է: Այդպես սպանում էր, ի դեպ, Ստալինը: Ահաբեկիչը զոհի մեղավորությունը տեսնում էր բնական իրավիճակների մեջ: Ասենք, եթե հրեա ես, արդեն մեռնելու ենթակա ես: Կամ՝ եթե համաձայն չես, ժողովրդի թշնամի ես: Ահաբեկիչը կարիք չունի զոհի «թշնամական» գործողության: Նրան բավարար է այն գիտակցումը, որ ինքը ճիշտ է: Արթուր Սարգսյանը հաց է հասցրել սովի դատապարտված մարդկանց: Արթուր Սարգսյանը դա կաներ, եթե ՊՊԾ գունդը գրաված լինեին, ասենք, Սերժ Սարգսյանը, Արմեն Աշոտյանը և այլ հանրապետականներ: Եթե նրանց առաջ փակ լիներ հացի ճամփան: Իր գործը հաց հասցնելն է: Ոչ թե հաշիվ չտալը, թե ում է հասցնում, այլ հաց հասցնելը: Սա մարդն է: Որովհետև մարդու հետ հնարավոր է հարաբերվել «հացիվ» հարաբերությունները կարգավորելուց հետո: Թող մարդիկ ապրեն, և թող պետությունը որոշի, թե ինչու գնացին այդ քայլին:

Սովամահությունը արդարադատության եղանակ չէ: Եթե Սերժ Սարգսյանն ու Արփինե Հովհաննիսյանը սա չեն հասկանում, եթե եկեղեցուն սա հետաքրքիր չէ, ուրեմն Արթուր Սարգսյանը պետք է մեռնի: Եվ դա նույնպես իրերի կարգի մեջ է: Ահա թե որտեղից է ծլում ահաբեկչությունը: Սկզբից մարդու մահը: Մենք ոչ մի բանական պատճառ չենք լսել, թե ինչու է Արթուր Սարգսյանը կրկին կալանքի տակ: Նշանակում է մահվան դատավճիռ է կայացվել: Էդ դատավճիռը կայացվում է, որպեսզի ընտրակաշառքը չարժեզրկվի, որպեսզի դատարանները չանկախանան, որպեսզի քրեական հանցագործը դեռ ոչ մի հանցանք կատարողից չտարբերվի և վարչապետ Կարեն Կարապետյանը ի լուր աշխարհի հայտարարի, որ Հայաստանը մեծ հնարավորությունների երկիր է:

Արթուր Սարգսյանը պետք է մեռնի հենց թեկուզ այն պատճառով, որ չի սպանել: Որովհետև սպանելն է մարդու արարքը: Եվ եթե այդպես է, ինչո՞ւ այն պետք է կանխվի հացով: Հացը պետք է դառնա նույնքան դատապարտելի, որքան ՊՊԾ գնդի գրավումը: Որպեսզի, ասում եմ ձեզ, ընտրակաշառք վերցնելիս քո թեման լինես միայն ինքդ: Որպեսզի մեկ ուրիշը, այսինքն, ապրելու մղում ունեցող, որին դու դեմքով չգիտես, թեմա չլինի: Ահա ինչու է իշխանությունը միշտ անակնկալ կայացնում թանկացումների որոշումները: Դրանից հետո դու որևէ կամք չունես քայլ կատարելու: Որովհետև տեսել ես, թե ինչի է հանգեցնում այդ քայլը:

Մեկնաբանել