Իրանն իր քաղաքացիներին կոչ է արել Նովրուզին խուսափել Թուրքիա այցելելուց

Իրանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել իր քաղաքացիներին Նովրուզի տոներին խուսափել Թուրքիա ավելորդ ուղևորություններից։

«Թուրքիայում վերջին ամիսներին անվտանգության պայմանները և Իրանի քաղաքացիների անվտանգության համար մտահոգությունները հաշվի առնելով,  բոլոր իրանցիներին, որոնք մտադիր են այցելել Թուրքիա, լրջորեն խորհուրդ է տրվում խուսափել անհարկի գործուղումներից և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, եթե այցը անխուսափելի է», – ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:

Իրանի և Թուրքիայի հարաբերությունները վերջին շրջանում սրվել են, քանի որ Թուրքիայի վարչապետն ու արտաքին գործերի նախարարը մեղադրել էին Իրանին՝ տարածաշրջանի երկրներում դավանական հակասություններ հրահրելու մեջ: Խոսքը մասնավորապես Սաուդյան Արաբիայում և Ծոցի արաբական երկրներում բնակվող շիաներին այդ երկրների կառավարությունների դեմ ուղղորդելու մասին է։

Ինչպես հաղորդում է Tehran Times-ը, Իրանի Մեջլիսի խոսնակ Ալի Լարիջանին մարտի 13-ին լրագրողներին հայտարարել է, որ պաշտոնական Թեհրանը Թուրքիայի կառավարությունից ակնկալում է խոհեմություն դրսևորել իր հայտարարություններում ու դիրքորոշումներում։ Նա ասել է, որ անցյալ ամիս Իրանը զսպվածություն է դրսևորել իր հասցեին Թուրքիայի կողմից հնչած հայտարարությունների վերաբերյալ։

Լարիջանին նշել է նաև, որ իրանցիներին դեպի Թուրքիա անհարկի ուղևորություններ կատարելուց խուսափելու խնդրանքը չի նշանակում, որ Թեհրանը մտադիր է խարխլել հարաբերությունները այդ երկրի հետ․ «Նման քայլը ուղղված է մարդկանց կյանքը  պաշտպանելուն»։

Լարիջանին Թուրքիային անվանել է Իրանի բարեկամ երկիր և հույս հայտնել, որ այդ երկրում այլևս ահաբեկչական գործողություններ տեղի չեն ունենա։