Հղիության ընդհատումն արգելող օրինագիծը տղամարդու և կնոջ ծննդյան իրավունք ունենալու հավասարության մասին է․ Արցախի օմբուդսմեն

Արցախի Հանրապետության Ազգային ժողովն ընդունել է «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ԱՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը: Ըստ նախագծի՝ օրենքում ամբողջովին նոր խմբագրությամբ շարադրվել է «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ԼՂՀ օրենքի 10-րդ հոդվածը, և այսուհետ Արցախի Հանրապետությունում օրենսդրորեն արգելվելու են հղիության չհիմնավորված ընդհատումները, սահմանվում են հղիության արհեստական ընդհատումների կրճատմանն ուղղված օրենսդրական լրացուցիչ կարգավորումներ և մեխանիզմներ:

Նախագծի ընդունումը սոցցանցերում սուր քննադատության առիթ է տվել՝ մարդու իրավունքների խախտման համատեքստում։

ՍիվիլՆեթի հետ զրույցում Արցախի օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը նշեց, որ նախագծի քննարկմանն ինքն անձամբ մասնակցել է, սկզբունքորեն համաձայն է օրենքի հետ։

«Մարդու իրավունքների խախտում օրենքում չկա այն պարզ պատճառով, որ այն վերաբերում է բացառապես սեռով պայմանավորված հղիության ընդհատումներին։ Մենք մտահոգիչ վիճակագրություն ունենք առ այն, թե տարեկան որքան աղջիկ չի ծնվում Արցախի Հանրապետությունում։ Այսինքն, այս նախագիծը ոչ թե խախտում է մարդու իրավունքները, այլ լրիվ հակառակը՝ տղամարդու և կնոջ ծննդյան իրավունք ունենալու հավասարության մասին է»։

Օբմուդսմենը համաձայնեց, որ օրինագիծը կարող է բացասական հետևանքներ ունենալ. «Պետք է հստակ մեխանիզմներ մշակել՝ օրինագիծը աշխատեցնելու համար։ Թե՛ կնոջ իրավունքը, թե՛ ընտանիքի պլանավորման իրավունքը պետք է պահպանվեն օրինագծի իրացման ժամանակ»։

Մեկնաբանել