Կառավարությունն ու ռուսաստանաբնակ գործարարները հուշագիր կստորագրեն

Կառավարության ապրիլի 13-ի նիստի օրակարգում ընդգրկված է կառավարության և «Հայաստանի ներդրողների ակումբ»-ի միջև համատեղ ծրագրեր իրականացնելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր ստորագրելու հարցը։

Ռուսաստանաբնակ հայ երեք տասնյակից ավելի գործարարներ այս տարվա հունվարի 25-ին հայտարարություն էին տարածել՝ հայտարարելով Հայաստանում ներդրումներ կատարելու իրանց նպատակների ու կառավարության բարեփոխումներին աջակցելու մասին։ Խմբում ընդգրկված է նաև «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը։

Մարտի 25-ին վարչապետ Կարեն Կարապետյանն ու Սամվել Կարապետյանը հանդես եկան համատեղ ասուլիսով ու հայտարարեցին «Հայաստանի ներդրողների ակումբ»-ի ֆոնդի մեկնարկի մասին։ Կառավարության ապրիլի 13-ի նիստի օրակարգում ընդգրկված հուշագրի տեքստով կողմերը պայմանավորվում են համագործակցել ու միավորել ջանքերը զբոսաշրջության, էներգետիկայի, հանքարդյունաբերության, քաղաքային ենթակառուցվածքների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ «Հայաստանի ներդրողների ակումբ»-ը պարտավորվում է ուսումնասիրել թիրախային ոլորտներն ու ներդրումներ ներգրավել։

Ֆոնդը պարտավորվում է վեր հանել և բացահայտել ներդրումների ներգրավման բոլոր խոչընդոտները և դրանք ներկայացնել Կառավարության քննարկմանը: Հուշագիրը կնքվելու է 5 տարի ժամկետով։

Մեկնաբանել