Լարված, բայց հեռանկարով․ ինչ խոսեց Թիլերսոնը Մոսկվայում

Ապրիլի 12-ին ավարտվեց ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի առաջին այցը Մոսկվա։ Մեկ օրվա ընթացքում նա հանդիպում է ունեցել ռուսաստանցի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Վերջինիս հետ հանդիպումն, այդուհանդերձ, կայացել է, չնայած Կրեմլն ավելի վաղ հայտարարել էր, որ Պուտինի ժամանակացույցում նման հանդիպում նշված չէ։ Ինչպես նկատում է BBC-ն, երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարներին չի հաջողվել համաձայնության գալ բոլոր հարցերի շուրջ։ Ռուսական «Կոմերսանտը» գրում է, որ այցն անցել է բավական լարված մթնոլորտում։ Կրեմլում կայացած բանակցություններից հետո եզրափակիչ հայտարարություններից դատելով՝ դիրքորոշումների մերձեցման հասնել չի հաջողվել, սակայն կողմերը պայմանավորվել են առնվազն սկսել շարժվել այդ ուղղությամբ։

Ի սկզբանե ենթադրվում էր, որ Թիլերսոնի այցի առանցքային թեման լինելու է Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների հանդիպման նախապատրաստությունը․ այն կայանալու է Համբուրգում հուլիսի 20-ին՝ G20 գագաթաժողովի շրջանակում։ Սակայն քիմիական գրոհը Սիրիայում և ԱՄՆ-ի ուժային պատասխանը դրան էական փոփոխություններ մտցրին բանակցությունների օրակարգում։

Սիրիական երկու կարևորագույն խնդիրների շուրջ Թիլերսոնն ու Լավրովն ունեն տարբեր մոտեցումներ, այդուհանդերձ, կողմերն այդ հարցը քննարկելիս ձեռնպահ են մնացել կոշտ ձևակերպումներից։

«Մեր հստակ դիրքորոշումն է, որ Ասադի ընտանիքի իշխանությունը մոտենում է ավարտին,- Լավրովի հետ ասուլիսին հայտարարել է Թիլերսոնը։- Մենք քննարկել ենք մեր մոտեցումը Ռուսաստանի հետ, որը նրանց ամենամոտ դաշնակիցն է և թերևս ունի լավագույն միջոցներն օգնելու Ասադին ընկալել այս իրողությունը»։

Թիլերսոնի խոսքով՝ վերջնական արդյունքը չի ենթադրում Ասադի կամ նրա ընտանիքի դերակատարություն Սիրիայի ապագա կառավարման գործում։ Պետքարտուղարը միևնույն ժամանակ պնդում է, որ Ասադը պետք է «կանոնավոր կերպով» հեռանա։

Սերգեյ Լավրովն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանը Սիրիայում «խաղադրույք չի անում որևէ անձի վրա»։

«Ո՛չ Ասադի, ո՛չ որևէ այլ անձի։ Սիրիացիները պետք է նստեն և պայմանավորվեն»,- ասել է դիվանագետը։ Նրա պնդմամբ՝ միջազգային կոալիցիան՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, «ըստ էության չի զբաղվել այն նպատակով», հանուն որի հռչակվել էր՝ չի պայքարել «արդյունավետորեն, ակտիվորեն և վճռականորեն» Իսլամական պետության և Ջաբհաթ ալ-Նուսրայի դեմ, մինչև որ Սիրիայում չհայտնվեցին ՌԴ ռազմատիեզերական ուժերը։

Կողմերի դիրքորոշումներում ամենամեծ տարբերությունը գրանցվել է քիմիական զենքի կիրառման հետ կապված հարցում։ Թիլերսոնը միանշանակորեն պնդել է, որ քիմիական զենքը կիրառել է Ասադի վարչակարգը։ Ռուսաստանը ապացույցներ է պահանջել։

ԱՄՆ պետքարտուղարը կարծիք է հայտնել, որ անհրաժեշտ է կանգնեցնել հարաբերությունների վատթարացումը և վերականգնել վստահությունը։

Լավրովի խոսքով՝ ՌԴ և ԱՄՆ ԱԳՆ-ների հատուկ ներկայացուցիչները առանց «զգացմունքայնության և սրացումների, մանրամասն» կսահմանեն այն «գրգռիչ գործոնները», որոնք, ինչպես կարծում են Ռուսաստանում, կուտակվել են վերջին տարիներին, այսինքն՝ Բարաք Օբամայի վարչակազմի օրոք։

Լավրովը նաև տեղեկացրել է, որ Պուտինը պատրաստակամություն է հայտնել վերադառնալու Սիրիայում միջադեպերի կանխարգելման վերաբերյալ հուշագրին, եթե ԱՄՆ-ը հաստատի, որ իր նպատակն է իսկապես պայքարել ահաբեկչության դեմ։ Այդ հուշագրի գործողությունը կասեցվել էր Մոսկվայի կողմից այն բանից հետո, երբ Վաշինգտոնը հարված էր հասցրել սիրիական «Շայրաթ» ռազմաբազայի վրա։

Պատասխանելով ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մասին հարցին՝ Թիլերսոնը հայտարարել է, որ այն չի բարձրացվել բանակցությունների ընթացքում։

«Պետքարտուղարն այսօր պատժամիջոցներով չի սպառնացել։ Նա ընդհանրապես ոչնչով չի սպառնացել»,- պատասխանել է Լավրովը։

Մոսկովյան բանակցություններին երեկ անմիջապես արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Վաշինգտոնում մամուլի ասուլիսի ժամանակ նա ասել է, որ այդ բանակցություններն «ավելի հաջող էին, քան ակնկալվում էր»։ Նրա խոսքով՝ արդյունքներն անմիջապես չեն լինի, սակայն «երկարաժամկետ արդյունքն ավելի կարևոր է, քան քաղաքական գործիչների զրույցները»։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել